ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Գլխավոր խմբագիր
Խմբագրեր
Նյութերի ամփոփումներ
Կոնտակտներ

Գլխավոր խմբագիր

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Արմենակի Խառատյան
(կենսագրությունը և գործունեությունը)

Ալբերտ Արմենակի Խառատյանը (ծնվ. 1939 թ. Երևանում) հանրապետության առաջատար պատմաբաններից է: 1964 թ. ավարտելով Երևանի պետական համալսարանի բանասիրության ‎ֆակուլտետը` զբաղվել է հայ պարբերական մամուլի և հասարակական մտքի պատմության հիմնահարցերով: 1978 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ "Զմյուռնիայի հայ պարբերական մամուլը 19-րդ դ. 60-ական թթ." թեմայով:
Ավելի քան 40 տարի Ա. Խառատյանն աշխատում է ՀՀ գիտությունների ակադեմիայում, որից 24 տարին՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում: 1986 թ. նա պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ՙՀասարակական միտքը Զմյուռնիայի հայ մամուլում (1840-1900)" թեմայով: Ա. Խառատյանը 1992 թվականից ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայ հասարակական մտքի և մամուլի պատմության բաժնի վարիչն է:

Ա. Խառատյանն ունի գիտահետազոտական աշխատանքների լայն շառավիղ. նրա ուսումնասիրությունները վերաբերում են գիտական կարևորություն ունեցող այնպիսի հիմնահարցերի, ինչպիսիք են հայ հասարակական մտքի, հատկապես արևմտահայ և գաղութահայ հասարակական մտքի և մամուլի պատմությունը, Օսմանյան Թուրքիայի խոշորագույն հայ գաղթավայրերի՝ Կոստանդնուպոլսի և Զմյուռնիայի պատմությունը: Գրել և հրատարակել է հետևյալ մենագրությունները.

1. Արևմտահայ հասարակական մտքի և հրապարակախոսության պատմությունից: Երևան, ՀՀ ԳԱԱ, 1980:
2. Արևմտահայ մամուլը և գրաքննությունը Օսմանյան Թուրքիայում 1857-1908թ., Երևան, ՀՀ ԳԱԱ, 1989:
3. Հասարակական միտքը Զմյուռնիայի հայ մամուլում (1840-1900), Երևան, 1995:
4. Օսմանյան գրաքննությունը և արևմտահայ մամուլը (1858-1896) (վավերագրեր և ծանոթություններ), Երևան, ՀՀ ԳԱԱ, 1994:
5. Կոստանդնուպոլսի հայ գաղթօջախը 15-17-րդ դդ., Երևան, 2007:

Ա. Խառատյանը 100-ից ավելի գիտական հոդվածների ու հրապարակումների հեղինակ է: Նա լայն ճանաչում ունի ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Նրա աշխատությունները լույս են տեսել ԱՄՆ-ում, Իտալիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Ուկրաինայում:

ՙՀայ գաղթաշխարհի պատմություն" եռահատորի (ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Երևան, 2003) 2-րդ հատորում տպագրվել են նրա ՙԿոստանդնուպոլիս" (15-17-րդ դդ.) և ՙԶմյուռնիա" ստվար հոդվածները: 2006 թ. Կահիրեում լույս է տեսել ՙՀայ մամուլի պատմություն" երկհատորի 1-ին հատորը (ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ)՝ Ա. Խառատյանի հեղինակակցությամբ, առաջաբանով և խմբագրությամբ. իր ընդգրկումներով և գիտավերլուծական խորությամբ այն աննախընթաց երևույթ է հայ մամուլի և հասարակական մտքի պատմությանը նվիրված աշխատությունների մեջ:
Ա. Խառատյանը 1988 թ. ի վեր ՀՀ ԳԱԱ "Լրաբեր հասարակական գիտությունների" հանդեսի գլխավոր խմբագիրն է, որը ՀՀ ԳԱԱ ավագագույն հասարակագիտական հրատարակությունն է, լույս է տեսնում 1940 թվականից և հանրահայտ է՝ հայրենի ու արտերկրի հայագիտական շրջաններում: Հատկապես վերջին տարիներին հանդեսը լուրջ ներդրում ունի արտերկրի հայ և օտարազգի հեղինակներին Հայաստանի գիտական հանրությանը ծանոթացնելու գործում՝ նաև ռուսերեն և եվրոպական լեզուներով տպագրելով նրանց հոդվածները: ՙԼրաբեր հասարակական գիտությունների" հանդեսը միակ բազմալեզու գիտական հրատարակությունն է Հայաստանում:

1974 թ. ի վեր Ա. Խառատյանը դասախոսում է հանրապետության բուհերում, շուրջ 20 տարի՝ Երևանի պետական համալսարանի արևելագիտության և ժուռնալիստիկայի ֆակուլտետներում: Տարիներ ի վեր նա եղել է մի շարք գիտակրթական հաստատությունների գիտխորհուրդների անդամ, իսկ 2009 թվականից ղեկավարում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի գիտխորհրդի մասնաճյուղը: Իր ղեկավարությամբ պաշտպանվել է հինգ թեկնածուական ատենախոսություն:

Ա. Խառատյանը մասնակցել է հայագիտական միջազգային մի շարք գիտաժողովների (Երևան, Տուրին-Լիվոռնո, Լոս Անջելես):
Copyright 2009 © All rights reserved.
The site is created thanks to the sponsorship of orientalist,
doctor of historical sciences Mr. Ruben Karapetyan