Պատմություն

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը: