ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Գլխավոր խմբագիր
Խմբագրեր
Նյութերի ամփոփումներ
Կոնտակտներ

Նյութերի ամփոփումներ

Լրաբեր հասարակական գիտությունների 2010թ. թիվ 3

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳԱԱ ավագագույն հասարակագիտական հանդեսի 70 տարին

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գասպարյան Ռ.Հ. – Հայ հեղափոխական դաշնակցության գործունեությունը Կիլիկիայում XIX դարի վերջին և XX դարի սկզբին
Մելիքյան Վ.Հ. – Անդրկովկասյան կոմիսարիատի սոցիալ-տնտեսական և կրթական-լուսավորական գործունեությունը
Թորոսյան Տ.Ս. – Կոսովոյի կարգավիճակի որոշման գործընթացի նշանակությունը հակամարտությունների կարգավորման սկզբունքների համատեքստում
Դանիելյան Է.Լ. – Հայոց պատմական և քաղաքակրթական արժեհամակարգի պաշտպանության անհրաժեշտությունը
Թամազյան Վ.Վ. – Ժողովուրդների ինքնորոշումը և աշխարհակարգը
Գալստյան Տ.Ն. – Քաղաքացիական պատերազմն Իսպանիայում և դրա հետևանքները
Մաթևոսյան Վ.Ա. – Ընտրությունների դերը Հայաստանում բազմակուսակցականության կայացման գործընթացում
Քառյան Ս.Մ. – Հայկական հարցը Հ. Թումանյանի հրապարակումներում
Ալոյան Լ.Ա. – "Արմենիա" շաբաթաթերթը (հրատարակության 125-ամյակի առթիվ)
Մուրադյան Ի.Ս. – Խորհրդային Հայաստանում միգրացիոն գործընթացների իրավական կարգավորման շուրջ

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Փախլյան Ա.Ա. – Ռուս-վրացական հարաբերությունների ազդեցությունը ՀՀ արտաքին առևտրի վրա
Գևորգյան Ն.Լ. – ՀՀ-ում հարկային վերափոխումների ներկա փուլի հիմնախնդիրներ
Մանասյան Ա.Վ. – ՀՀ գործարար միջավայրի մրցակցային ռազմավարության նոր մոդել

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

Վարտանովա Ժ.Ա. – Քաղաքակրթության փիլիսոփայական ըմբռնումը
Հակոբյան Ի.Դ. – Ռուդոլֆ Շտայների "Ազատության փիլիսոփայություն" գրքի ընթերցման փորձ
Զաքարյան Վ.Ա. – Ներակա իմաստի դրսևորումները կանխենթադրույթի և կանխավարկածի մակարդակներում

ՍՈՑԻՈԼՈԳԻԱ

Մելքումյան Յու.Գ. – Միջին խավը Հայաստանում (քանակական վերլուծություն և հիմնական բնութագրիչները)
Գևորգյան Ք.Գ. – Ընտանեկան կյանքի կազմակերպումը կենսաթոշակային տարիքում
Գալստյան Ն.Մ. – ՀՀ ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների դերը ինքնության պահպանման հարցում

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Դոլուխանյան Ա.Գ. – Մխիթար Գոշի առակների ընտրանին ֆրանսերեն
Կասաբաբովա Ռ.Ս. – ՙՀեղափոխություն՚ հասկացությունը Ֆ. Ի. Տյուտչևի պատմափիլիսոփայական հայացքների համակարգում
Պետրոսյան Վ.Զ. – Սոսյուրյան երկու կանխադրույթ
Դրոստ-Աբգարյան Ա. (Գերմանիա, ք. Հալլե) – Դանիել Վարուժանը, Էմիլ Վերհարնը և հայ միջնադարյան գրականությունը (Դ. Վարուժանի ծննդյան 125-ամյակի առթիվ)
Մեյթիխանյան Փ.Գ. – Աստվածաշնչի հատկանվանագիտություն. լեռնանուններ
Աբրահամյան Ա.Ա. – Հայերենի բարբառներում առկա "թըրպան" բառանվան շուրջ

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Մարտինենկո Ի.Է. (Բելառուս, ք. Գրոդնո) – Համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների կարգավիճակը
Ղուլյան Ս.Ա. – Ռուբեն Մամուլյանը և Շեքսպիրի "Համլետը"
Կաժոյան Հ.Ա. – Համայնքային զարգացման ընդհանուր տեսության շուրջ. գործընթացի մոդելը
Մինասյան Մ.Պ. – Կինտոյի կերպարը Հովսեփ Կարալյանի արվեստում
Մանասերյան Լ.Լ. – Ժ. Փիտոևը և բեմական նոր իրականության կառուցման փորձը XX դարի բեմանկարչության մեջ

ԲԱՆԱՎԵՃ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

Դավթյան Հ.Կ. – Երբ վրիպում է գրախոսը

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

Խոջաբեկյան Վ.Ե. – ԼՂԻՄ-ի մարզկոմի առաջին քարտուղարը Բաքվի դրածո էր: ԽՍՀՄ ԳԱ նախագահը Հայաստանի ԳԱ ընդհանուր ժողովում
Պողոսյան Վ.Ա. – Խորհրդային գիտնականները ղարաբաղյան հակամարտության մասին

ԳՐԱԽՈՍԱԿԱՆՆԵՐ

Կոստանդյան Է.Ա. – Վլադիմիր Բարխուդարյան, Մոսկվայի և Պետերբուրգի հայկական գաղութների պատմություն (XVIII դարի կես – XX դարի սկիզբ)
Կարապետյան Մ.Ս. – Ջոն Կիրակոսյան, Անկախ պետականության և քաղաքական հայագիտության ակունքներում
Կոզմոյան Ա.Կ. – Լիլիթ Սաֆրաստյան, Կանանց հիմնախնդիրները ժամանակակից իրանական գրականության մեջ
Վարդանյան Վ.Մ. – Հ. Ս. Սվազյան, Աղվանից աշխարհի պատմություն (հնագույն ժամանակաշրջանից մինչև VIII դար)
Սաքապետոյան Ռ.Կ. – Լ. Խաչատրյան, Հետաքրքրաշարժ լեզվաբանություն
Սիրունյան Տ.Ղ. – Վազգեն Համբարձումյան, Լատինաբան հայերենի պատմություն (14-18-րդ դդ.)

ՄԵՐ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԸ

Հարությունյան Գ.Գ. – Տարիների սահմանից այն կողմ(ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Գրիգորյանի ծննդյան 80-ամյակի առթիվ)
Բալոյան Հ.Ս. – Գրիգոր Գրիգորյանի ծննդյան 80-ամյակի առթիվ

ՆՇԱՆԱՎՈՐ ՏԱՐԵԹՎԵՐ

Սարուխանյան Ն.Բ. – Հայ պատմագիտության ուրույն դեմքը (Լեոյի ծննդյան 150-ամյակի առթիվ)
Ստեփանյան Ս.Ս. –Ականավոր գիտնականը և մեծ հայրենասերը (ակա-դեմիկոս Մկրտիչ Գեղամի Ներսիսյանի ծննդյան մեկ դարը)

ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԻԼԻԿԻԱՅՈՒՄ XIX ԴԱՐԻ ՎԵՐՋԻՆ ԵՎ XX ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ - ԳԱՍՊԱՐՅԱՆ Ռ. Հ.

XIX դարի վերջին պատմության ասպարեզ իջան հայ ազգային կուսակցությունները: Մի շարք գործոնների հետ միասին դա պայմանավորված էր նաև թուրքական կառավարության կողմից բռնությունների և հայահալած քաղաքականության ուժեղացմամբ, ֆիզիկական ոչնչացման վտանգով, երբ ժողովուրդը հարկադրված էր զենքի դիմել, զենքով կռել իր ազատությունը: Համոզվելով մեծ տերությունների օգնությամբ ազատագրվելու ծրագրի սնանկության մեջ` հայ հասարակությունը սկսեց ինքնուրույն ելք որոնել ստեղծված իրավիճակից` բնականորեն հանգելով զինված պայքարի գաղափարին, որի իրականացման ճանապարին էլ առաջացավ կուսակցությունների ձևավորման հրամայականը`ինքնավարությունից պետականության կերտման մտայնությամբ:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Կիլիկիայում կուսակցական կառույցներ ստեղծելու և իր գաղափարական ազդեցությունը տարածելու առաջին քայլերը ձեռնարկել էր 1890-ական թվականների կեսերին, Զեյթունի ապստամբության օրերից` նպատակ հետապնդելով Կիլիկիայի լեռնային շրջանների հայության ազատաբաղձ ոգին օգտագործել երկրամասում ապստամբություն բարձրացնելու համար: Կիլիկիան ընտրվում է որպես ուժերի կենտրոնացման և ապստամբութույն բարձրացնելու վայր, և այնտեղ աշխատանքներ ծավալելու, ազատագրական շարժումները ղեկավարելու համար ստեղծվում է Լեռնավայրի (Կիլիկիայի և հարակից շրջանների կուսակցական ծածկանունը) պատասխանատու մարմին: Տարբեր տարիներին Կիլիկիայում են գործել ազգային-ազատագրական շարժման երախտավորներ Մարը (Միքայել Տեր-Մարտիրոսյան), Հրաչը (Հրայր Թիրաքյան), Սիմոն Զավարյանը, Խանասորի Վարդանը (Սարգիս Մեհրաբյան) և այլք` զգալի աշխատանքներ տանելով ազատագրական գաղափարների տարածման, ազգային ինքնագիտակցության բարձրացման, կուսակցական կառույցների ստեղծման ուղղությամբ:
Սակայն, չնայած գործադրված ջանքերին, Հայ Յեղափոխական Դաշնակցությանը չհաջողվեց Կիլիկիայում ստեղծել կուսակցական կազմակերպությունների լայն ու կուռ ցանց, տարածել իր գաղափարական ազդեցությունը: Դրա պատճառը և՛ ֆինանսական, նյութական անբավարար միջոցներն էին, և՛ Կիլիկիայի` Արևմտյան Հայաստանից կտրված լինելը, և՛ կուսակցական գործիչների պակասը, և այն, որ ՀՅ Դաշնակցությունը, ցավոք, չուներ այն ներուժը, որ ի զորու լիներ բոլոր ճակատներում գործել նույն թափով, ծավալով և ուժգնությանբ:

ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ-ԼՈՒՍԱՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ - ՄԵԼԻՔՅԱՆ Վ. Հ.

Անդրկովկասյան կոմիսարիատը, հիմնվելով իր հռչակագրի վրա, ձեռնարկեց անկախ երկրամասի բարեփոխումների ծրագրին:
Հաշվետու ժամանակաշրջանում` 1917 թ. նոյեմբերի 15 – 1918 թ. հունվարի 15, անդրկովկասյան կառավարությունը իրականացրեց մի շարք նախագծեր, ընդունեց կենսական որոշումներ ու օրենքներ բոլոր կոմիսարությունների գծով: Որոշակի աշխատանք իրականացրեց նաև կոմիսարիատին կից ձևավորված Փոքր խորհուրդը, որը լիազորված էր զբաղվել միմիայն տնտեսական և առօրյա-կենցաղային խնդիրներով: Կոմիսարիատը փորձեց լուծում տալ նաև հողային հարցին:
Անդրկովկասյան կառավարության գործունեության սոցիալ-տնտեսական, ֆինանսական, կրթական-լուսավորական և այլ բնագավառները էապես զիջում էին երկրամասի քաղաքական զարգացումներին:
Միաժամանակ, կոմիսարիատի գործունեության հետազոտությունը պարզում է, որ երկրամասն քաղաքացիական հասարակության կայացման փուլում էր:

ԿՈՍՈՎՈՅԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄԹ - ՈՐՈՍՅԱՆ Տ. Ս.

Միջազգային իրավունքի նորմերին Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման համապատասխանության վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական կարծիքը հրապարակվելուց հետո նոր թափով վերսկսվեցին հակամարտությունների կարգավորման վերաբերյալ բանավեճերը միջազգային իրավունքի շրջանակում: Հատուկ նշանակություն է ստացել Կոսովոյի կարգավիճակի որոշման գործընթացը, որի ընթացքի, հանգուցային պահերի, օրինաչափությունների և արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ օրինաչափությունները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն Կոսովոյի, այլև մյուս հակամարտությունների կարգավորման տեսակետից: Մասնավորապես, Կոսովոյի կարգավիճակի որոշման գործընթացն ակներևորեն ցույց է տալիս, որ հակամարտությունների կարգավորման կարևորագույն և առաջնահերթ խնդիրը ինքնորոշվող կողմի կարգավիճակի որոշումն է, իսկ կարգավորման փուլերին հակամարտության բոլոր կողմերի մասնակցությունը անհրաժեշտ պայման է այդ գործընթացի հաջող ավարտի համար:

ՀԱՅՈՑ ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ - ԴԱՆԻԵԼՅԱՆ Է. Լ.

Հայ պատմագիտության հիմնախնդիրներից է հայկական ամբողջական քաղաքակրթական արժեհամակարգի գիտական և գաղափարական պաշտպանությունը` հայագիտական հայեցակարգի հիման վրա: Հայկական լեռնաշխարհի բնապատմական միջավայրում Հայոց պետականության զարգացումների ընթացքը, պայմանավորված մ.թ.ա. VIII-IV հազարամյակներից էթնոհոգևոր, մշակութային ու լեզվական, հասարակական ու քաղաքական գործընթացներով, վըկայված է հնագիտական նյութերի հաջորդականությամբ ու բազմադարյան պատմամշակութային հուշարձաններով, ինչպես նաև մ.թ.ա. III-I հազարամյակներից սեպագիր, այնուհետև անտիկ ու միջնադարյան գրավոր սկզբնաղբյուրներով: Գոյաբանական աշխարհընկալմամբ, Հայաստանն իր բնապատմական միջավայրում արգասավորված քաղաքակրթական արժեհամակարգով հարատևող ամբողջություն է:
Արևմտյան Հայաստանում, Հայկական Կիլիկիայում, Հայոց Միջագետքում և ամբողջ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը գործած Թուրքիան [որպես մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություններ կատարող` մեղադրվեց Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի ընդունած Հայտարարությամբ (1915 թ. մայիսի 24), որը թուրքերի ցեղասպանական հանցագործությունը դատապարտող միջազգային իրավունքի առաջին փաստաթուղթն է] շարունակում է հանցագործ ձևով հայկական հողերի բռնազավթումը: Արևելյան Այսրկովկասի մերձկասպյան շրջանում թուրքական ցեղասպան քաղաքականության բովերում խմորված և 1918 թ. կեսերին Իրանական Ադրբեջանից (Ատրպատական) կողոպտած անվանումով է "ստեղծվել" պանթուրքիզմին ծառայող ՙԱդրբեջանը՚: Թուրքական և մուսավաթական` թյուրք-թաթար հրոսակներն իրագործեցին հայերի կոտորածները` Բաքվում (15-17.IX.1918 թ.) և Շուշիում (Արցախ) (23.III.1920 թ.), իսկ նրանց հետնորդները` ադրբեջանական ջարդարարները` Սումգաիթում (27-29.II.1988 թ.), Բաքվում` (13-20.I.1990 թ.) և այլ բնակավայրերում:
Տեղեկատվական պատերազմում Թուրքիան և նրա կողմից հովանավորվող Ադրբեջանը (որը պարտություն է կրել իր կողմից ԼՂՀ-ի դեմ սանձազերծած պատերազմում) հսկայական միջոցներ են ծախսում հակահայկական քարոզչության, հատկապես Հայոց պատմության դեմ ուղղված կեղծարարության ու հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման` հայ մշակույթի ցեղասպանության, և միջազգային ասպարեզում սադրիչ ապատեղեկատվության ուղղությամբ: Վերջին երկու տասնամյակների ընթացքում Թուրքիան և Ադրբեջանը պետական ահաբեկչություն են իրագործում` շրջափակելով Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Հանրապետությունը:
Գիտական և ազգապետական անհրաժեշտություն են համաշխարհային մշակույթի մեջ ծանրակշիռ ներդրումով հայտնի` Հայոց հին և միջին դարերի քաղաքակրթական արժեքների հետազոտությունը և պաշտպանությունը:

ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԸ - ԹԱՄԱԶՅԱՆ Վ. Վ.

Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է: Յուրաքանչյուր նոր պետության կազմավորման և անկախացման շրջանում այս սկզբունքը նորովի մեկնաբանման առիթ է ընձեռում: Միջազգային կարևորագույն փաստաթղթերում նշվում է տվյալ սկզբունքի հիմնարարության խնդրի, նաև տարածքային ամբողջականության սկզբունքի հետ դրա հարաբերակցության որոշ տեսանկյունների մասին: Ներկայումս միջազգային հանրությանը հուզող հիմնահարցերից է իրենց անկախությունը ինքնորոշման սկզբունքով ձեռք բերած նորակազմ պետությունների ճանաչման խնդիրը: Արցախի անկախության և ինքնորոշման կայացումը հայ ժողովրդի առջև ծառացած կարևորագույն հիմնախնդիրներից մեկն է:

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԵՎ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ - ԳԱԼՍՏՅԱՆ Տ. Ն.

Իսպանիայում 1936-1939 թթ. քաղաքացիական պատերազմը սկիզբ էր առել Երկրորդ իսպանական հանրապետության և խռովարարների միջև: Խռովարարների առաջնորդ է դառնում գեներալ Ֆրանկոն: Քաղաքացիական պատերազմը "երկու Իսպանիաների" միջև քաղաքական, տնտեսական և մշակութային բարդ տարաձայնությունների արդյունք էր: Թեև դրա ավարտից հետո Իսպանիայի կորուստներն ահռելի էին, այնուամենայնիվ, իսպանական հանրապետության և քաղաքակիրթ հասարակության ձևավորման հիմքերը այդ ժամանակահատվածում են դրվել: Իսպանիայի քաղաքացիական պատերազմը լուրջ տեղաշարժեր արձանագրեց իսպանական քաղաքացիական հասարակության ձևավորման, տնտեսության զարգացման և մի շարք այլ բնագավառներում:

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱԶՄԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ - ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Վ. Ա.

Բազմակուսակցականության ձևավորման, կուսակցությունների, ինչպես նաև նրանց կողմից ձևավորվող իշխանության ինստիտուցիոնալացման ու կայացածության կարևոր ցուցանիշ են ընտրություններին նրանց մասնակցելը կամ չմասնակցելը և իշխանություններ ձևավորելու ոլորտից դուրս մնալը: Այդ առնչությամբ ԱԺ 1995, 1999, 2003, 2007 թթ. ընտրությունների արդյունքների համեմատական վերլուծությունը թույլ է տալիս նշել կուսակցությունների` ընտրություններին մասնակցության և Ազգային ժողովում ներկայացվածության անկայունությունը և, որպես հետևանք, որոշ կուսակցությունների անհետանալը և նորերի հայտնվելը քաղաքական դաշտում: Նման իրավիճակում հնարավոր չէ որոշել քաղաքական ուժերի կայացածությունը, խորհրդարանի կազմը, առավել ևս խոսել ձևավորված բազմակուսակցականության մասին: Եզրակացությունն այն է, որ բազմակուսակցական քաղաքական համակարգի առկայություն պահանջող արդյունավետ ժողովրդավարություն հնարավոր չէ ձևավորել առանց ընտրական գործընթացների որակական փոփոխությունների:

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐՈՒՄ - ՔԱՌՅԱՆ Ս. Մ.

Հայկական հարցին Հ. Թումանյանն անդրադարձել է իր գեղարվեստական ստեղծագործություններում և հաճախ` հրապարակախոսական հոդվածներում: Ուշագրավ են հատկապես այն հրապարակումները, որոնք վերաբերում են Հայկական հարցի լուծման խնդիրներին և իրական հնարավորություններին: Սթափ գնահատելով Ռուսաստանի նշանակությունը հայության ազատագրման գործում` Հ. Թումանյանը կարծում էր, որ Բեռլինի վեհաժողովից հետո Ռուսաստան-Եվրոպա հակամարտության պայմաններում արևմտահայությունը դարձավ դրա զոհերից մեկը:
Առաջին համաշխարհային պատերազմից սպասվող վտանգներին Հ. Թումանյանը հակադրում էր ազգային միասնության գաղափարը:

"ԱՐՄԵՆԻԱ" ՇԱԲԱԹԱԹԵՐԹԸ (հրատարակության 125-ամյակի առթիվ) - ԱԼՈՅԱՆ Լ. Ա.

"Արմենիայի" ազատագրական քարոզչությունը արձագանք գտավ Օսմանյան Թուրքիայի հայաբնակ շրջաններում. 1880-ականի II կեսից հայրենիքում ստեղծվեցին խմբեր ու միություններ, որոնք գործուն մասնակցություն բերեցին ինքնապաշտպանական կռիվներին:
Թերթը գաղափարական ընդհանրություններ ուներ Գր. Արծրունու "Մշակի" և ռամկավար-ազատական գաղափարախոսության հետ: Արևմտահայ կյանքի նրա լուսաբանումը ճանաչողական մեծ արժեք ունի. այն մշտական և ընդարձակ տեղ է հատկացրել երիտթուրքերի քաղաքականության քննադատությանը, Թուրքիայում հայերի ազատագրական պայքարին, ցեղասպանությանը:

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ - ՄՈՒՐԱԴՅԱՆ Ի. Ս.

Խորհրդային շրջանում միգրացիայի հետ կապված գործընթացների մեծ մասը իրականացվում էր գաղտնի իրավական ակտերի հիման վրա: Խորհըրդային Հայաստան ուղղվող միգրացիոն գործընթացները կախված էին անձի նախկին քաղաքացիությունից (հպատակությունից), սոցիալական ծագումից, ազգականների առկայությունից և այլն: Այդ ժամանակահատվածում նշված գործընթացները բարդ կազմակերպչական համակարգ էին և մեծ մասամբ հիմնված էին խմբի անդամների փոխկապակցված համերաշխության վրա:
Առանձնապես հետաքրքիր են ՙհույժ գաղտնի՚ մակագրությամբ մի շարք իրավական փաստաթղթեր, որոնք վերաբերում էին կովկասյան տարածաշրջանում պատերազմական հնարավոր գործողությունների դեպքում այդ տարածաշրջանի հայաթափմանը: Ըստ այդ ակտերի, նախատեսվում էր ավելի քան 400 000 հայ տեղահանել հայրենիքից և վերաբնակեցնել Հյուսիսային Կովկասում և Խորհրդային Միության այլ շրջաններում: Այդ փաստաթղթերից շատերն առնչվում էին երիտթուրքերի ու քեմալականների հակահայկական գործունեությանը և թուրք-սիոնա-բոլշևիկյան եռակողմ սերտ համագործակցությանը:

ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՎՐԱ - ՓԱԽԼՅԱՆ Ա. Ա.

Վրաստանի դերը շատ մեծ է Հայաստանի առևտրային հարաբերություններում, և պատահական չէ, որ մեր հարևան երկրում առաջացող ցանկացած քաղաքական կամ տնտեսական խնդիր իր անմիջական ազդեցությունն է թողնում Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության վրա: Հատկապես զգալի էին վերջին տարիներին ռուս-վրացական լարված հարաբերությունների հետևանքով Հայաստանի կրած առևտրա-տնտեսական կորուստները: Վրացական գինիների և հանքային ջրերի ներմուծման նկատմամբ կիրառվող ռուսական արգելքը (բռնարգելքը) կարող էր խթան դառնալ Ռուսաստան արտահանվող համանման հայկական ապրանքատեսակների ծավալների աճի համար: Թեև բռնարգելքի սահմանումից ի վեր զգալիորեն ավելացել է հայկական գինիների (3,5 անգամ) և հանքային ջրերի (2,7 անգամ) արտահանումը Ռուսաստան, միևնույն է, Հայաստանին չի հաջողվել լրացնել վրացական ըմպելիքների "պակասը" ռուսաստանյան շուկայում: Պատճառների թվում, արտահանման անբավարար ծավալներից և որակական ոչ այնքան բարձր հատկանիշներից զատ, հարկ է նշել դեպի Ռուսաստան ցամաքային ճանապարհի փակ լինելը, որն էապես սահմանափակում է Հայաստանի արտահանման հնարավորությունները: Հատկանշական է, որ, չնայած ազատ առևտրի համաձայնագրի առկայությանը, հայ-վրացական առևտուրը ևս անարգել չի իրականացվում:

ՀՀ-ՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱ ՓՈՒԼԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ - ԳԵՎՈՐԳՅԱՆ Ն. Լ.

Հանրապետությունում պետական բյուջեի եկամտային մասի ձևավորման ժամանակ պետք է հաշվի առնել այն, որ իրականացվող հարկային քաղաքականությունը դեռևս շատ հեռու է կատարյալ լինելուց: Տնտեսական նոր հարաբերություններին անցման փուլի համար հարկային բեռը բավականաչափ բարձր է, օրենսդրությունը խիստ բարդ է, հարկային ծառայությունների մասնագիտական և տեխնիկական հագեցվածությունը զգալիորեն ցածր է և այլն: Նման պայմաններում ստեղծվում է այնպիսի իրավիճակ, երբ բարեխիղճ հարկատուներն իրենց վրա կրում են ողջ հարկային ճնշումը այն դեպքում, երբ մի շարք խոշոր տնտեսավարող սուբյեկտներ խուսափում են հարկերի վճարումից կամ ընդհանրապես չեն վճարում:
Հարկային վերափոխումների իրականացման ժամանակ պետք է կարևորվեն.
- արտադրության, նոր տեխնոլոգիաների, գիտության և կրթության զարգացման ոլորտներում ներդրումների նկատմամբ հարկային արտոնությունների ճկուն մեխանիզմի կիրառումը,
- սեփական արտադրանքով արտաքին շուկաներ դուրս եկած ընկերություններին սկզբնական փուլում հարկային արձակուրդների տրամադրումը,
- հարկման բազայի ընդլայնման ճանապարհով հարկային բեռի թեթևացումը,
- ակտիվ կառուցվածքային քաղաքականության իրականացման և հայրենական ապրանքների մրցունակության ապահովման անհրաժեշտությունը` հաշվի առնելով տնտեսության զանազան ճյուղերում հարկային դրույքաչափերի տարբերակված մոտեցման կիրառումը:
Հարկաբյուջետային վերափոխումների ընթացքում հիմնական շեշտը պետք է դրվի հարկային բեռի թեթևացման և ստվերային տնտեսության ծավալների կրճատման վրա: Հարկային թույլ վարչարարության պայմաններում հարկային բեռի թեթևացումը պետք է ուղեկցվի հարկային համակարգի պարզեցմամբ, ինչը հնարավորություն կտա ուժեղացնել հարկային վերահսկողությունը: Հարկային եկամուտների կառուցվածքում հարկավոր է փոխել նաև պետական բյուջեի ուղղակի և անուղղակի հարկերի հարաբերակցությունը: Աստիճանաբար պետք է բարձրացնել ուղղակի հարկերի տեսակարար կշիռը` ի հաշիվ անուղղակի հարկերի:
Առկա հիմնախնդիրների լուծման կարևորությունը պահանջում է արմատական վերափոխումների իրականացում հանրապետության հարկաբյուջետային ոլորտում: Ակնհայտորեն, դա նախ և առաջ պետք է դրսևորվի համապատասխան օրենսդրական դաշտի կատարելագործման մեջ, որի առնչությամբ կարևոր ուղղություններ պետք է դառնան.
- տնտեսության զարգացմանն ուղղված հարկային օրենսդրության ստեղծումը:
- արտադրության խթանումը և սոցիալական ապահովության մակարդակի բարձրացումը:
- ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծման նպատակով հարկային համապատասխան ռեժիմի սահմանումը:

ՀՀ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄՈԴԵԼ - ՄԱՆԱՍՅԱՆ Ա. Վ.

Ներկայիս գլոբալ շուկայի մարտահրավերներին դիմակայելը գերխնդիր է զարգացող երկրների համար: Ակնհայտ է, որ զարգացող երկրների թվին են պատկանում հիմնականում հետպատերազմյան կամ տնտեսական անցումային շրջանում գտնվող երկրները: Վերջիններիս արտադրական հզորությունները տնտեսապես զարգացած և հզոր երկրների հետ մրցակցելու հնարավորություն չեն ընձեռում: Մրցակցային ռազմավարության մշակման նոր մոդելները նպաստում են վերոնշյալ հիմնախնդիրների լուծմանը:

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԸՄԲՌՆՈՒՄԸ - ՎԱՐՏԱՆՈՎԱ Ժ. Ա.

Քաղաքակրթությունը հայրենական գիտության հանգուցային հասկացություններից է: Դրա էությունը հասարակական առաջընթացի գաղափարն է, իսկ չափանիշը` իբրև հայեցակարգ, հասարակական բարիքի հաստատումը: Քաղաքակրթությունը ենթադրում է նաև մարդու սոցիալական էության զարգացում: Քաղաքակրթական որակն ընկալվում է նաև որպես պատմության ընթացքի էվոլյուցիա: Բարգավաճումը, ՙօրենքն ու կարգուկանոնը՚ հասարակության քաղաքակրթումը խթանող համակարգի հիմնական արժեքներն են: Հետևաբար, քաղաքակրթությունն այս կամ այն դարաշրջանին հատուկ սոցիոմշակութային համալիր է, ժողովուրդների կենսագործունեության և փոխհարաբերությունների կերպ:

ՌՈՒԴՈԼՖ ՇՏԱՅՆԵՐԻ "ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ" ԳՐՔԻ ԸՆԹԵՐՑՄԱՆ ՓՈՐՁ - ՀԱԿՈԲՅԱՆ Ի. Դ.

"Արդեն բավարար չէ միայն հավատալը. մենք ուզում ենք իմանալ…": Սա է Ռուդոլֆ Շտայների "ազատության փիլիսոփայության" նշանաբանը, որը հանգեցնում է հեռագնա հետևանքների:
Մեր աշխարհի այնպիսի ամբողջական, անբաժանելի, փոխկապակցված իրողությունները, ինչպիսիք են ազատությունը կամ լույսը, իսկությունը և կյանքը, փիլիսոփայության և բնագիտության մեջ հնարավոր է ուսումնասիրել միայն ներհայեցողական միջոցներով: Սակայն այդ ամենն իմանալ անհնար է, որովհետև դա այլևս գիտելիքների դպրոց չէ, այլ բուն կյանքը:

ՆԵՐԱԿԱ ԻՄԱՍՏԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՆԽԵՆԹԱԴՐՈՒՅԹԻ ԵՎ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐՈՒՄ - ԶԱՔԱՐՅԱՆ Վ. Ա.

Հիմնականում ֆրանսիական լեզվաբանական դպրոցի ուսումնասիրությունները հաշվի առնելով` հնարավոր տարբերակել է կանխենթադրույթը` որպես լեզվի, և կանխավարկածը` որպես խոսքի երևույթ, ինչպես նաև ցույց տալ դրանց հարաբերակցությունը արտակայորեն արտահայտված իմաստի հետ:
Կանխենթադրույթը ժխտման ենթակա չէ, վերաբերում է անցյալին, սերտորեն կապված է ասույթի բառացի իմաստի և շարահյուսական կառույցների հետ, իսկ ահա կանխավարկածը ժխտման ենթակա է, թողնվում է հասցեատիրոջ եզրակացությանը, հաճախ հավելյալ իմաստ է ներկայացնում, բխում է ասության հանգամանքների մասին հասցեատիրոջ մտորումից, հռետորական երևույթ է և նշութավորված չէ նախադասության մեջ:
Կանխենթադրույթը և կանխավարկածը փոխկապակցված են. կանխենթադրույթը ասույթների իմաստի բաղկացուցիչ մասն է, իսկ կանխավարկածը վերաբերում է այն ձևին, որով այդ իմաստը պետք է ապակոդավորվի հասցեատիրոջ կողմից:

ՄԻՋԻՆ ԽԱՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (քանակական վերլուծություն և հիմնական բնութագրիչները) - ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ՅՈՒ. Գ.

Հասարակության կառուցվածքի և շերտավորման հիմնահարցերը մտածողներին հետաքրքրում էին դեռևս հնագույն ժամանակներից. այդ հարցի շուրջ իրենց տեսական հայեցակարգերն են կառուցել Պլատոնը և Արիստոտելը: Այն արդիական է նաև այսօր, երբ Պ. Բուրդյեն, Դ. Բելլը, Ա. Ինքելսը և մյուսները քննարկում ու վերլուծում են արդեն հետարդյունաբերական հասարակությունների կառուցվածքը:
Տարբեր հեղինակների կողմից հասարակության շերտավորման մեկնաբանությունների դիտարկումը պարզորոշ վկայում է այն մասին, որ ժամանակի ընթացքում աճել է սոցիալական շերտերի ու դասակարգերի քանակը, փոփոխվել է հասարակության կառուցվածքը:
Ինչ վերաբերում է հետարդյունաբերական հասարակություններում միջին խավի ծավալներին, ապա ժամանակակից քաղաքակիրթ հասարակության կառուցվածքը մասնագետները պատկերում են մոտավորապես հետևյալ կերպ` հարուստները կազմում են հասարակության 5-6%-ը, աղքատները` 14-15%-ը, իսկ միջին խավը` 80%-ը: Տեսաբանների պնդմամբ` նման սոցիալական կառուցվածքն ապահովում է հասարակության կայունությունը: 2010 թ. իրականացված հետազոտությամբ փորձ է արվել պարզել Հայաստանում միջին խավի ծավալները և կարևորագույն սոցիալական առանձնահատկությունները: Հարցվածների սուբյեկտիվ ինքնանույնականացման շնորհիվ ստացվեց հետևյալ պատկերը. իրենց աղքատ են համարում հարցվածների 14.8%-ը, միջին խավի ներկայացուցիչների` 78.5%-ը, հարուստների` 6.7%-ը: Ինչպես տեսնում ենք, էմպիրիկ հետազոտությամբ ստացված պատկերը համընկնում է տեսականորեն մոդելավորված շեղանկյունաձև հասարակության շերտավորման սխեմային:
Հետազոտության արդյունքների համաձայն, միջին խավի ներկայացուցիչ լինելու համար անհրաժեշտ նախապայման է կայուն աշխատանք ունենալը, որն իր հերթին ձեռք է բերվում համապատասխան կրթության, մասնագիտության ու որակավորման դեպքում, իսկ մասնագիտական առաջընթացի խնդիրը լուծվում է հիմնականում ծանոթությունների ու կապերի շնորհիվ:
Կարելի է եզրահանգել, որ զարգացած հետ-արդյունաբերական հասարակությունների շեղանկյունաձև կառուցվածքը, ըստ ինքնանույնականացման ցուցիչների, առկա է նաև Հայաստանում: Ընդսմին կարևոր է շեշտել, որ հայաստանյան միջին խավի բնութագրիչները էապես տարբերվում են եվրոպական հասարակությունների միջին խավի բնութագրիչներից: Մի կողմից, հասարակության շերտավորման և միջին խավի ձևավորման առումով կարևոր են կրթությամբ, մասնագիտությամբ ու ծանոթություններով պայմանավորված զբաղվածությունը, աշխատանքը և պաշտոնը, որն ապահովում է որոշակի կենսամակարդակ ու ապրելակերպ: Մյուս կողմից, այնպիսի բնութագրիչներ, ինչպիսիք են սոցիալական ու քաղաքական ակտիվությունը և որոշումների կայացման գործընթացին մասնակցությունը, բոլորովին բնորոշ չեն հայաստանյան միջին խավին:

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔՈՒՄ - ԳԵՎՈՐԳՅԱՆ Ք. Գ.

Երրորդ սերնդի ներկայացուցիչների ներընտանեկան հարաբերությունների վերլուծությունը, հիմնված Ջ. Հոմանսի, Փ. Բլաուի և Ռ. Էմերսոնի սոցիալական փոխանակման տեսության վրա, ցույց է տալիս, որ տարեց մարդը կարող է փոփոխվել` հետաքրքրությունների կամ խրախուսումների (կամ պատիժների) դրդապատճառներից ելնելով. այն տարեցները, որոնք հաճախ խրախուսվում են որոշակի գործողությունների դիմաց, մեծ հավանականությամբ և որոշակի հաճախականությամբ դրանք իրականացնում էին նաև հետագայում: Առաջացած տարիքի մարդիկ, որոնք իրենց գործողությունների համար որոշակի պարգևներ էին ստացել ոչ հեռավոր անցյալում, պակաս էին գնահատում դրանք հաջորդ խրախուսանքների ժամանակ, ինչի հետևանքով էլ անբավարարվածության զգացում էին ունենում. այլընտրանքային գործողությունների միջև ընտրության դեպքում ավագ սերնդի ներկայացուցիչը ընտրում էր այն մեկը, որի արդյունքի արժեքը և այն ստանալու հավանականությունը առավելագույնն էին:
Ընտանեկան խմբի բոլոր անդամներն էլ պիտի ջանքեր գործադրեն համաձայնության հասնելու ընտանեկան կյանքի կազմակերպման և գործառնության ասպարեզում: Ներընտանեկան հարաբերությունների կառուցվածքը հարգանք և հանդուրժողականություն է պահանջում բոլոր անդամների նկատմամբ` առանց տարիքային խտրության:
Տարեց մարդկանց ներընտանեկան հարաբերությունների առօրյա փորձի կազմակերպման գիտակցումը հնարավորություն է տալիս լրջմտորեն լուծելու ներընտանեկան բախումները:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՐԸ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ - ԳԱԼՍՏՅԱՆ Ն. Մ.

ՀՀ օրենսդրությունը ազգային փոքրամասնություններին հնարավորություն է ընձեռում հիմնելու ոչ կառավարական` հասարակական կազմակերպություններ և անարգել քարոզելու իրենց ազգային արժեքները` լեզուն, կրոնը, ավանդույթները: Ապրելով իրենց պատմական հայրենիքից դուրս` այլէթնիկ միջավայրում, նաև ազգային պետական կազմավորումների բացակայության պայմաններում` Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համար կարևոր է պարզել հետևյալ հարցերը. առաջին` էթնիկ ինքնության և ազգային-մշակութային արժեքների պահպանման ու զարգացման գործում ի՞նչ դեր ունեն ազգային փոքրամասնությունների ՀԿ-ները, որքանո՞վ են դրանց անդամները տեղյակ ՀԿ-ների գործունեությանը, նրանց գնահատականը. երկրորդ` որքանո՞վ են դրանք նպաստում Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը, հասարակական կյանքին և համահայաստանյան բնույթի խնդիրների լուծմանը. երրորդ` ի՞նչ խնդիրներ են ծառացած նրանց առջև, և ի՞նչ առաջարկություններ ունեն դրանց հետագա բարելավման ուղղությամբ:
Ազգային փոքրամասնությունների ՀԿ-ները ակտիվ գործունեություն են ծավալում ազգային ինքնության, մշակութային արժեքների պահպանման և տարածման առումով, մինչդեռ դրանց դերը դեռևս նշանակալից չէ Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման հարցում:

ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ԱՌԱԿՆԵՐԻ ԸՆՏՐԱՆԻՆ ՖՐԱՆՍԵՐԵՆ - ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ Ա. Գ.

1902-ին նշանավոր ֆրանսիացի հայագետ Ֆրեդերիկ Մակլերը "Journal Asiatique" ամսագրում տպագրեց Մխիթար Գոշի առակների ընտրանին` ֆրանսերեն թարգմանությամբ: Այդ կարևոր գործին կցեց մեծարժեք առաջաբան, որում մանրամասն խոսում է Գոշի կենսագրության, առակների նշանակության ու տարբեր հայագետների կարծիքների մասին: Ֆ. Մակլերը Մ. Գոշին համարում է մեծ նորարար, որովհետև վերջինս Լաֆոնտենից շատ դարեր առաջ` արդեն XII դարում, առաջինը առակների գործող անձեր դարձրեց նաև բուսական աշխարհի ներկայացուցիչներին:

"ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ" ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ Ֆ. Ի. ՏՅՈՒՏՉԵՎԻ ՊԱՏՄԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ - ԿԱՍԱԲԱԲՈՎԱ Ռ. Ս.

"Հեղափոխություն" հասկացությունն առանցքային տեղ է գրավում Ֆ. Տյուտչևի պատմափիլիսոփայական հայացքների համակարգում և ընկալվում է երկու հայեցակետով` քաղաքական-սոցիալական և պատմակրոնական: Իր հրապարակախոսության մեջ և նամակներում անդրադառնալով 1848-1849 թթ. ողջ Եվրոպան փոթորկած հեղափոխության թեմային` Տյուտչևը հանգում է այն եզրակացությանը, որ ամեն մի հեղափոխական ցնցման հիմքում ընկած են եսամոլությունն ու իշխանության տենչը: Պոետը հեղափոխությունն անվանում է "մարդկային ես-ի ինքնիշխանության" ձև, իսկ դրա ի հայտ գալու պատճառ է համարում արևմտյան հասարակության հոգևոր անկումն ու հավատի պակասը: Հեղափոխության ակունքները պոետը տեսնում է Ընդհանրական տիեզերական եկեղեցուց կաթոլիկության առանձնանալու, դրա` աշխարհիկ իշխանությանը ձգտելու մեջ, հանուն որի կաթոլիկները նույնիսկ աղճատեցին քրիստոնեության հիմնական սկզբունքները: Արևմտյան եկեղեցու նահանջը ճշմարիտ հավատից հասարակությանը հասցրեց եսամոլության, ինքնակամության և որևէ իշխանության, այդ թվում և հոգևոր իշխանության ժխտման հաղթանակին: Տյուտչևը հեղափոխության հակաքրիստոնեական սկզբունքներին հակադրում է ճշմարիտ հավատը` խարսխված ռուս ուղղափառ կայսրության և ռուսական ազգային կեցության հիմքերի վրա: Այսպիսով, տյուտչևյան տրամաբանության մեջ երևան է գալիս հեղափոխության և Ռուսաստանի հակամարտության գաղափարը: Ըստ Տյուտչևի` Ռուսաստանն ունակ է դառնալու փրկության պատվար ողջ մարդկության համար:

ՍՈՍՅՈՒՐՅԱՆ ԵՐԿՈՒ ԿԱՆԽԱԴՐՈՒՅԹ - ՊԵՏՐՈՍՅԱՆ Վ. Զ.

Տեսական լեզվաբանության ուղենշային աշխատություններից է Ֆ. դը Սոսյուրի "Ընդհանուր լեզվաբանության դասընթացը": Այն նշանավոր է հատկապես մի շարք կանխադրույթներով, որոնց շուրջ քննարկումներն ու բանավեճերը ոչ միայն էապես խթանել են XX դարի լեզվաբանական մտքի զարգացումը, այլև նախադրյալնե ր են ստեղծել լեզվաբանական նոր ուղղությունների ու դպրոցների ձևավորման համար: Այդ կանխադրույթների մեջ իրենց կարևորությամբ առանձնանում են, մասնավորապես, երկուսը` լեզվի համակարգային և ձևային բնույթի մասին սոսյուրյան ըմբռնումները: Այդ կանխադրույթների էությունը բացահայտելու համար կարևոր նշանակություն ունեն զուգահեռները, որոնք հեղինակն անցկացնում է դրանց սոսյուրյան և հումբոլդտյան պատկերացումների միջև:

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԸ, ԷՄԻԼ ՎԵՐՀԱՐՆԸ ԵՎ ՀԱՅ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (Դ. Վարուժանի ծննդյան 125- ամյակի առթիվ) - ԴՐՈՍՏ-ԱԲԳԱՐՅԱՆ Ա. (Գերմանիա, ք. Հալլե)

Դանիել Վարուժանը (1884-1915) և Էմիլ Վերհարնը (1855-1916) ազգային գրականության կարկառուն ներկայացուցիչներ են և թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Այս տաղանդավոր բանաստեղծների ստեղծագործությունների ուսումնասիրությունը բացահայտում է, որ նրանք ոգեշընչվել են հայրենի բնությամբ, նախնիների խիզախ անցյալով և պատմությամբ: Թեև երկու բանաստեղծն էլ ստացել են հոգևոր կրթություն, նրանց ստեղծագործության մեջ առկա են հեթանոսական պատկերներ ու նախատիպեր:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՀԱՏԿԱՆՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ԼԵՌՆԱՆՈՒՆՆԵՐ - ՄԵՅԹԻԽԱՆՅԱՆ Փ. Գ.

Աստվածաշնչի հատուկ անունների քննության մեջ բավականաչափ հետաքրքրություն են ներկայացնում լեռնանունները: Դրանք ոչ պակաս չափով իրենց մեջ կրում են ոչ միայն հրեաների, այլև բազմաթիվ այլ ցեղերի ու ժողովուրդների պատմության ինչ-որ տարրեր, և այդ անունների քննությունը ևս ի ցույց է դնում բազմաթիվ հետաքրքիր իրողություններ:
Եբրայական ծագում ունեցող լեռնանունների շարքում Աստվածաշնչում առաջին գործածված լեռնանունը Արարատն է, որը` իբրև լեռ, մեզ` հայերիս համար ունի առանձնահատուկ իմաստ և դերակատարում:
Լեռնանունների քննությունը կատարված է հունարեն (Յոթանասնից) բնագրի համեմատությամբ:

ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՐԲԱՌՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ "ԹԸՐՊԱՆ" ԲԱՌԱՆՎԱՆ ՇՈՒՐՋ - ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Ա. Ա.

Հայերենի բարբառներում "գերանդի" գործիքանիշ հասկացությունը գրանցվել է մի քանի բառային տարբերակներով, այդ թվում` թըրպան // թըրփան բառանվամբ: Այդ բառանունը Հայերենի բարբառագիտական ատլասի (ՀԲԱ) նյութերում գրանցվել է հայերենի բարբառների շուրջ 15 խոսվածքներում` հիմնականում ընդգրկելով արևմտյան խմբակցության բարբառները: Անկասկած, բառանունը փոխառյալ է թուրքերեն tırpan "մանգաղ, գերանդի" բառից: Ինչ վերաբերում է թուրքերենի փոխառության աղբյուրին, ապա այն ծագում է հունարեն δρέπανον ՙմանգաղ՚ ձևից: Հունարեն ձևն առկա է բազմաթիվ լեզուների մի շարք բառակազմություններում, որոնք այս կամ այն կերպ առնչվում են մանգաղ և գերանդի անվանումներին: Չնայած դրան` հայերենի ժամանակակից բառարաններում դրանք կամ դրանց հայերեն համարժեքներն ընդգրկված չեն: Նույնիսկ Գ.Լուսինյանի ՙՆոր բառգիրք պատկերազարդ ֆրանսահայ՚ բառարանի 1909 թ. հրատարակությունում նշված քննարկվող բառով կազմված մի շարք օտար բառերի հայերեն համարժեքներ, ինչպես` գերանդապտուղ /Drռpanocarpe/, գերանդեղջյուր /DrռpanocՌre/, գերանդատերև /Drռpanophylle/, գերանդաբերան /Drռpanostome/, գերանդաթիռ /Drռpanoptռryx/, նույնպես ընդգրկված չեն ժամանակակից հայերենի բառարանների բառակազմում, մինչդեռ նշված բառերը կարող էին հարստացնել մեր այսօրվա հայերենի բառամթերքը: Առաջարկվում է այսօրվա հայերենի բառապաշարում ընդգրկել նաև հետևյալ նոր բառերը` մանգաղաթիթեռ /Drepana falcataria/, մանգաղամամուռ /Drepanocladus uncinatus/, մանգաղաֆիկուս /Drepanophycus/, մանգաղաբամբուկ /Drepanostachyum/, մանգաղաբջջի հիվանդություն /Drepanocytose/:

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ - ՄԱՐՏԻՆԵՆԿՈ Ի. Է. (Բելառուս, ք. Գրոդնո)

Համաշխարհային մշակութային ժառանգությունը համամարդկային սեփականություն է, որին կարևոր դեր է հատկացվել պատմական, կրոնական ու մշակութային տարբեր ավանդույթներ ունեցող զանազան երկրների և ազգությունների մշակութային փոխանակությանը, փոխըմբռնմանը և համատեղ բարգավաճմանը նպաստելու համար:
Համաշխարհային մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային-իրավական մեխանիզմը միջազգային համաձայնագրերի հիման վրա ստեղծված ու գործող, նույն համաձայնագրերով ամրագրված և մոնիտորինգային լիազորություններով օժտված` միջազգային-իրավական պարտավորությունների համալիր է:
Համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների պահպանության նպատակով անհրաժեշտ է առավելագույն խիստ պատասխանատվություն սահմանել այն վարչական իրավախախտումների և հանցագործությունների համար, որոնք կատարվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության ցուցակում ընդգրկած կամ ներառելու առաջարկված հուշարձանների նկատմամբ:

ՄԱՄՈՒԼՅԱՆԸ ԵՎ ՇԵՔՍՊԻՐԻ "ՀԱՄԼԵՏԸ" - ՂՈՒԼՅԱՆ Ս. Ա.

Ռուբեն Մամուլյանը Շեքսպիրով հրապուրվել է դեռևս պատանեկության շրջանում: Բայց երբ վերջապես կարդացել էր "Համլետը" անգլերենով, նրան հասկանալի էր եղել ողբերգության տեքստի միայն կեսը: Իր անհաջողությունը նա վերագրել էր անգլերենի ոչ կատարյալ իմացությանը: Բայց հետագայում, երբ կատարելագործել էր իր անգլերենն այնքան, որ կարող էր կարդալ մյուս մեծ գրողների գրքերը, շեքսպիրյան բառերի մեծամասնությունն, այնուամենայնիվ, նրան մնաց անհասկանալի: Ուսումնասիրելով շեքսպիրյան տարբեր հրատարակությունների պիեսների ծանոթագրությունները և տարբեր երկրների շեքսպիրագետների գրքերն ու հոդվածները` Մամուլյանը հանդգնեց փոփոխության ենթարկել Շեքսպիրի ՙՀամլետ՚ ողբերգության տեքստը, որն անփոփոխ էր երեքուկես դար: Աշխատելու ընթացքում Մամուլյանը ժամանակակից անգլերենի թարգմանեց մոտ 2000 բառ, որոնք արդեն կորցրել էին իրենց սկզբնական իմաստը: Նա նորից գրեց մոտ 100 նախադասություն, վերացրեց համարյա 510-ը, փոխեց որոշ բառերի ուղղագրությունը, ինչպես նաև որոշ դեպքերում ուղղեց պիեսի կետադրությունը: Եվ 1965 թ. Լոս Անջելեսում հրապարակվեց Ռ. Մամուլյանի "Շեքսպիրի Համլետը: Մի նոր մեկնակերպ" գիրքը` հարուցելով ընթերցասեր Ամերիկայի հետաքրքրությունը: Մամուլյանը կարծում է, որ ոչ ոք չի փորձել խմբագրել Շեքսպիրին` նրա նկատմամբ տածած պատկառանքի պատճառով: Իսկ ինքը ձեռնարկել է այդ գործին, քանի որ չէր կարող անտարբեր նայել, թե ինչպես է պիեսը աղարտվում հնաբանությունների և շատ այլ ավելորդաբանությունների առատությունից:

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ. ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄՈԴԵԼԸ - ԿԱԺՈՅԱՆ Հ. Ա.

Ժամանակակից հայ հասարակության ժողովրդավարական փոխակերպման պայմաններում կարևոր նշանակություն ունի համայնքների ձևավորման և, առհասարակ, քաղաքացիական ինքնակազմակերպման տեխնոլոգիաների ուսումնասիրությունը: Համայնքային զարգացման գործոններն են` առաջնորդությունը, կամավորականութունը, հանրակարգային զարգացումը և ռեսուրսների կառավարումը, իսկ նպատակն ու չափանիշը` սոցիալական փոփոխությունը, քանի որ կայացած համայնքներին բնորոշ է սոցիալական վերափոխումներ իրականացնելու ունակությունը, իսկ ձևավորվողներին` այդ ունակությունը ձեռք բերելու ձգտումը: Այդուհանդերձ, համայնքային մակարդակով մասնակցությունը չի հակադրվում կենտրոնացված պլանավորմանը: Միաժամանակ զարգացնելով ուղղահայաց ու հորիզոնական մոտեցումներ և ապահովելով հասարակական մասնակցության հնարավորությունը` համայնքային զարգացման գործոնը կոչված է ամբողջացնելու հայ հասարակության զարգացման պատկերը:

ԿԻՆՏՈՅԻ ԿԵՐՊԱՐԸ ՀՈՎՍԵՓ ԿԱՐԱԼՅԱՆԻ ԱՐՎԵՍՏՈՒՄ - ՄԻՆԱՍՅԱՆ Մ. Պ.

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հովսեփ Կարալյանի ներաշխարհը մարդկայնության փընտըրտուքն է, մարդու սովորական հոգսերն են, ուրախություններն ու տխրությունները` չկրկնվող ժամանակի հորձանուտում: Նրա նըկարները հաստատում են դեպի մարդը տածած ամենահաղթական սերը և մարդու հավատը դեպի կյանքը: Նա նկարիչ է հենց բուն ազգային իմաստով: Նրա նկարների լեզուն պարզ է, արվեստը` ծայրաստիճան անկեղծ, զուսպ (սակավախոս) և խորհրդանշական: Նկարիչն ամեն առօրեականն ընդունում է որպես մշտնջենական, այստեղից էլ նրա ձգտումը, հակումը մոնումենտալ ձևերին, ստատիկությանը, սակավախոսությանը, երբ յուրաքանչյուր ժամանակային դուրս է գալիս նկարից, մնում է միայն ընտրվածը, կարևորը:
Հ. Կարալյանի արվեստը բարուն հավատացող, ուժեղ մարդու արվեստ է: Այդ մասին հստակ խոսում են նրա ստեղծագործությունը, պրպտող կյանքի ընթացքը: Արվեստագետը կենցաղային ժանրը ներկայացնող լավագույն նկարիչներից է հայ արվեստի պատմության մեջ: ՙՀ. Կարալյանի աշխարհը, որպես մարդկության մի մաս, պատկանում է Հայաստանին: Նրա ստեղծագործությունը XX դարի ձեռքբերումներից է, որը վերհուշ կդառնա հաջորդ սերունդների:

Ժ. ՓԻՏՈԵՎԸ ԵՎ ԲԵՄԱԿԱՆ ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՓՈՐՁԸ XX ԴԱՐԻ ԲԵՄԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵՋ - ՄԱՆԱՍԵՐՅԱՆ Լ. Լ. Ամփոփում

Ժ. Փիտոևի դեկորները ոճային առումով և առաջադրված խնդիրներով հարում էին ռուսական բեմանկարչական դպրոցին: Այդ ոճը, սակայն, Ֆրանսիայում չգտավ իր տարածումը: Այն հակասում էր ֆրանսիական բեմում իշխող գեղագիտական միտումներին: Այդ երկու գեղարվեստական մեթոդների հիմքում ընկած է աշխարհընկալային տարբերությունը:

Copyright 2009 © All rights reserved.
The site is created thanks to the sponsorship of orientalist,
doctor of historical sciences Mr. Ruben Karapetyan