ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Գլխավոր խմբագիր
Խմբագրեր
Նյութերի ամփոփումներ
Կոնտակտներ

Նյութերի ամփոփումներ

Լրաբեր հասարակական գիտությունների 2010թ. թիվ 1-2

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Թորոսյան Տ.Ս. – Թուրքիայի արտաքին քաղաքականության «Նոր ակտիվիզմի» երկրորդ փուլը
Գասպարյան Ռ.Հ. – Կիլիկիահայության կոտորածները և ինքնապաշտպանական մարտերը 1894-1896 թթ.
Խաչատրյան Կ.Հ. – ՀՍԽՀ սահմանների հարցը 1921 թ. խորհրդաթուրքական հարաբերությունների ոլորտում (Մոսկվայի և Կարսի կոնֆերանսները)
Այվազյան Ա.Մ. – Ժողովրդագրական իրավիճակը Ղարաբաղում 1710-1720-ական թվականներին
Միրօղլու Արմաւենի (Թուրքիա, ք. Ստամբուլ) – Ազգային փոքրամասնութիւնները Թուրքիոյ Հանրապետութեան 1923-1939 թուականներուն
Գևորգյան Զ.Հ. – Իտալացի վաճառականությունը Կիլիկյան Հայաստանում (XIII-XIV դդ.)
Վարդանյան Ա.Մ. – Աղվանից մարզպանության կազմավորումը
Խորիկյան Հ.Գ. – Կապադովկիայի տարածքը և սահմանները Աքեմենյան Պարսկաստանի կազմում
Եղիազարյան Ա.Ս. – Հայոց Սմբատ Ա թագավորի աբխազական արշավանքը
Առաքելյան Կ.Մ. – Սփյուռքահայ պատմագիտությունը հայ հայդուկային շարժման վերաբերյալ
Հարությունյան Կ.Ա. – Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի արդյունաբերության վերակառուցումը պատերազմական պայման- ներում (1941-1942 թթ.)
Ստեփանյան Ն.Ռ. – Նէպ-ը և գյուղացիության շերտավորումը

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Մարզպանյան Հ.Ա. – Սեփականության և յուրացման ձևերի էվոլյուցիան ու պատմական հեռանկարը
Թորոսյան Կ.Ա., Դիլոյան Ս.Ա. – Միկրոէկոնոմիկայի բնորոշ հատկանիշների շուրջ (գիտամեթոդական տեսանկյունից)
Ազիզբեկյան Վ.Ս. – Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների ներդրման գործընթացը ՀՀ-ում
Սիմոնյան Վ.Վ. – Ֆինանսական վերլուծությունը շուկայական տնտեսության պայմաններում

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

Դիլբանդյան Ս.Ա. – Անձի օրինական շահերի պաշտպանության ապահովումը քրեական դատավարությունում
Քոչարյան Հ.Ժ. – Բարդ դատողությունների միջև տրամաբանական հարաբերությունները և դրանց առանձնահատկությունները

ՍՈՑԻՈԼՈԳԻԱ

Մելքումյան Յու.Գ. – Միջին խավի չափման եղանակները սոցիոլոգիայում (ՀՀ միջին խավի բնութագրիչները ժամանակակից փուլում)
Առաքելյան Ի.Ա. – Միջազգային աշխատանքային տարագնացությունը գլոբալացման տեսանկյունից
Խաչատրյան Ս.Է. – Գենդերային ինքնությունը հայ հասարակության սոցիալ-քաղաքական փոխակերպումների համատեքստում
Աբրահամյան Հ.Բ. – Բնակչության սոցիալական պաշտպանվածության հարցերը Արցախում (2000-2006 թթ.)

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Տեր-Մինասյան Ա.Ա. – Բառախաղը Ժորա (Գևորգ) Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ» կատակերգությունում
Զուլումյան Բ.Ս. (ՌԴ, ք. Մոսկվա) – Սիմվոլիզմը Եղիշե Չարենցի ստեղծագործության մեջ
Աղաջանյան Ս.Ա. – Պատմող հեղինակը Գ. Մահարու արձակում
Մարգարյան Մ.Մ., Զաքարյան Մ.Գ. – Մարդը` որպես նարեկյան մշակույթի գերակա դերակատար
Սաֆրաստյան Լ.Մ. – Հայի կերպարը արդի իրանական գրականության մեջ
Աքթոքմաքյան Մարալ (Թուրքիա, ք. Ստամբուլ) – Շ. Բրոնտեի «Ջեյն Էյր» և Ս. Տյուսաբի «Մայտա» վեպերի համեմատական վերլուծություն
Ղուկասյան Ս.Վ. – Այո-ոչ հարցումները Ղուկասի արևելահայերեն և գրաբար Ավետարաններում
Տոնոյան Ս.Հ. – Վիլյամ Սարոյանի ստեղծագործության աստվածաշնչյան ակունքները
Մուսայելյան Հ.Գ. – Բանաստեղծական տեքստի ներքին հնարավորությունները (1970-ական թթ. հայ բանաստեղծության կառուցվածքային առանձնահատկություններ)
Երզնկյան Ռ.Ա. – Դարձվածների ոճական արժեքը Համո Սահյանի պոեզիայում
Աբրահամյան Ա.Ա. – «Փոցխ» հասկացության բառանվանումները հայերենի բարբառներում
Հովհաննիսյան Տ.Բ. – «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգության բանահյուսական զուգահեռները

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Աղասյան Ա.Վ. – Երվանդ Ոսկանն ու նրա դերը հայ և թուրքական պրոֆեսիոնալ քանդակի կայացման գործում
Հակոբյան Զ.Ա. – Հայաստանի և Վրաստանի կոթողները. մշակութային ընդհանրության հարցը վաղքրիստոնեական շրջանում
Մինասյան Մ.Պ. – Կենցաղային ժանրը Հովսեփ Կարալյանի նկարներում

ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Խաչատրյան Ժ.Դ., Հակոբյան Ն.Ֆ. – Տիգրանակերտ մայրաքաղաքը
Քոչար Ն.Հ., Միրզոյան Ք.Պ. – Համշենահայերը` որպես հայ էթնոսի հավասարազոր մաս

ԲԱՆԱՎԵՃ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

Ստեփանյան Ս.Ս. –Արմին Վեգները` որպես մեծ մարդասեր և Հայոց ցեղասպանության ականատես
Մուշեղյան Ա.Վ. – Թեև Արմին Վեգները պաշտպանության կարիք չունի

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

Սահակյան Ռ.Օ. – Ականատեսի վկայությունները Մուշ քաղաքի հայության կոտորածի մասին: Հայկական բանակի հետախուզական բաժանմունքի պետ Տիգրան Դևոյանի զեկուցագիրը թուրքական բանակի մարտակազմի վերաբերյալ

ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Զուլալյան Մ.Կ. – Նիկոլայ Հովհաննիսյան, Հայոց ցեղասպանություն` ամենացեղասպան ցեղասպանություն. աշխարհի 10 լեզուներով
Պողոսյան Վ.Ա. – Մ. Կարապետյան, Է. Գևորգյան, Է. Մելքոնյան, XIX դարի երկրորդ կեսի հայ ազգային-ազատագրական շարժման խորհրդահայ պատմագրությունը (1921-1991 թթ.)
Ավագյան Ա.Վ. – Արարատ Աղասյան, Քաջազի մշտավառ կանթեղը
Մարգարյան Գ.Ս. – Աննա Ասատրյան, «Զեմիրե». Տիգրան Չուխաճյանի կարապի երգը
Վարդանյան Վ.Մ. – Համլետ Դավթյան, Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը
Վարտանովա Ժ.Ա. – Արմեն Գրիգորյան, Առաջին, երկրորդ և երրորդ մարդը
Մխիթարյան Ս.Մ. – Աելիտա Դոլուխանյան, Դրվագներ հայ գրաքննադատական մտքի պատմությունից
Ավագյան Ա.Գ. – Գրիգոր Արշակյան, Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում 1991-2001 թթ.

ՄԵՐ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԸ

Խառատյան Ա.Ա. – Գիտնականի արդիականությունը (ակադեմիկոս Մ. Կ. Զուլալյանի ծննդյան 80-ամյակի առթիվ)
Քերթմենջյան Դ.Գ. – Արգասաբեր կյանք (Մուրադ Հասրաթյանի ծննդյան 75-ամյակի առթիվ)
Գեղամյան Գ.Մ. – Նորայր Սարուխանյան. Գիտնականը և հրապարակախոսը (ծննդյան 75-ամյակի առթիվ)
Մինասյան Է.Գ. – Վաստակաշատ գիտնականը (ակադեմիկոս Գևորգ Ղարիբջանյանի ծննդյան 90-ամյակի առթիվ)


ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ «ՆՈՐ ԱԿՏԻՎԻԶՄԻ» ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ - ԹՈՐՈՍՅԱՆ Տ. Ս.

Հետխորհրդային շրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականության տեսական հիմքերի և դրանց գործնական կիրառման վերլուծությունը ցույց է տալիս, որ չնայած այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարում է, որ մշակվել և կիրառվում է սկզբունքորեն նոր հայեցակարգ, Անկարայի արտաքին քաղաքականությունը շարունակում է հիմնվել նույն սկզբունքների վրա, որոնք անփոփոխ են տասնամյակներ շարունակ: Այդ քաղաքականությունը, որի առանձնահատկությունը իրավիճակային բնույթն է, անցյալում բազմիցս հաջողություն է բերել Անկարային:
2008 թ. «հնգօրյա պատերազմից» հետո տարածաշրջանում ստեղծված սկզբունքորեն նոր աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանի երկրների համար ձևավորեց նոր մարտահրավերներ: Հետպատերազմյան իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, որ իրավիճակային քաղաքականությունը, նոր մարտահրավերների հանդիպելով, երբեմն սխալների է հանգեցնում: Հատկանշական է, որ այդպիսի քաղաքականություն կիրառում էր ինչպես Թուրքիան, այնպես էլ Հայաստանը, որոնք այդ ընթացքում ներգրավված էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այդ գործընթացի շրջանակում իրադարձությունների զարգացման միտումների վերլուծությունը ցույց է տալիս, որ նոր մարտահրավերների հաղթահարման գործում դրական արդյունքներ կարող է ակնկալել այն կողմը, որը կկարողանա հնարավորություն գտնել իր արտաքին քաղաքականությունն անհապաղ և արմատապես փոխելու` օգտագործելով ռազմավարական պլանավորման մեթոդները և հիմնավորապես մշակելով խնդրահարույց հարցերի լուծումները:


ԿԻԼԻԿԻԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԸ ԵՎ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԵՐԸ 1894-1896 ԹԹ. - ԳԱՍՊԱՐՅԱՆ Ռ. Հ.

XIX դարի վերջին քառորդից օսմանյան իշխանությունների վարած հայաջինջ քաղաքականության արդյունքում արևմտահայությունը գտնվում էր խիստ ծանր վիճակում: Համոզվելով, որ «Մայիսյան բարենորոգումների» ծրագիրը մեծ տերությունների միջև առկա հակամարտությունների պատճառով մնալու է թղթի վրա, սուլթանը որոշեց հայերի բողոքի ձայնը խեղդել նոր ջարդերով, աննախադեպ կոտորածներով: Ազգայնամոլ թուրք կառավարող վերնախավում ձևավորվում էր այն մտայնությունը, որ օսմանյան կայսրության քաղաքական, տարածքային և պետական միասնությունն ապահովելու համար անհրաժեշտ է հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացումը: Սկսվեց հայոց ցեղասպանության առաջին փուլը: 1890-ական թթ. կոտորածները և Կիլիկիայի 1909 թ. ջարդերը Մեծ Եղեռնից առաջ գլխավոր փորձերն էին մեխանիզմների ընտրության, ճշգրտման, մշակման և կիրառման առումով: Ջարդեր կազմակերպվեցին Այնթապում, Մարաշում, Քիշիֆլիում, Էնտերունում, Շիվիլիկում, Շարում, Քիլիսում, Բիրեջիկում և այլուր: Կիլիկիահայությունը, այլ շրջանների հայերի համեմատությամբ, մասամբ զերծ մնաց մասսայական ջարդերից: Դա ուներ իր օբյեկտիվ պատճառները, որոնցից գլխավորը Զեյթունի ապստամբությունն էր, որը ոչ միայն հսկայական նշանակություն ունեցավ ազատագրական պայքարի առավել ծավալման առումով, այլև թուրքական իշխանություններին հարկադրեց, Կիլիկիայում համընդհանուր ապստամբության սպառնալիքն աչքի առաջ ունենալով, չտարածել ջարդերի ալիքը Ադանայի և Հալեպի վիլայեթներում:
Բացի Զեյթունից, կիլիկիահայերը մի շարք վայրերում ևս դիմեցին ինքնապաշտպա¬նության` ապացուցելով, որ միայն նման հերոսամարտերի միջոցով յուրաքանչյուր ժողովուրդ կարող է կռել իր ազատությունը, ձեռք բելել ապրելու և հարատևելու իրավունք:


ՀՍԽՀ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ 1921Թ. ԽՈՐՀՐԴԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ (Մոսկվայի և Կարսի կոնֆերանսները) - ԽԱՉԱՏՐՅԱՆ Կ. Հ.

ՀՍԽՀ իշխանությունների դիվանագիտական որոշ ջանքերը` նպաստելու հայ-թուրքական տարածքային արդարացի սահմանազատմանը 1921 թ. Մոսկվայի և Կարսի կոնֆերանսներում, անարդյունք էին: Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը չպաշտպանեց հայ ժողովրդի շահերը, դրանք զոհաբերեց քեմալական Թուրքիայի հետ համագործակցության վրա հիմնված իր արևելյան քաղաքականության հեռանկարներին: Ոչ միայն Արևմտյան, այլև Արևելյան Հայաստանի պատմական տարածքների զգալի մասը մնաց Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի և Վրաստանի կազմում:
Քանի որ նշված պայմանագրերը մշակվել և ստորագրվել են միջազգային իրավունքի ընդունված նորմերի խախտումով, ուստի հայ-թուրքական տարածքային սահմանազատման հարցում Մոսկվայի, ինչպես նաև նրանից անմիջականորեն բխող Կարսի պայմանագրերի նկատմամբ Հայաստանն իրավական պարտավորություն կրել չի կարող:
Մյուս կողմից, ի տարբերություն Ալեքսանդրապոլի` Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Թուրքիան ճանաչեց ՀՍԽՀ ինքնիշխանությունը, զրկվեց նրա ներքին գործերին միջամտելու հնարավորությունից:


ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ 1710-1720-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ - ԱՅՎԱԶՅԱՆ Ա. Մ.

Հոդվածում վերլուծության են ենթարկված 1710-1720-ական թթ. Արցախում (Ղարաբաղում) տիրող ժողովրդագրական իրավիճակի մասին առկա տեղեկությունները։ Հաշվելով 1710-20-ական թթ. Ղարաբաղի բնակչության թիվը, հեղինակն ընդգծում է, որ պատմականորեն Ղարաբաղը ներառում էր մի շարք տարածքներ, որոնք 1923 թ. դիտավորյալ չէին մտցվել նորաստեղծ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) մեջ։ Այդ հայկական շրջանները ձգվում էին ԼՂԻՄ-ի ողջ պարագծով՝ բնական աշխարհագրական սահմանների երկայնքով։ Հյուսիսում և հյուսիս-արևմուտքում դա Գյուլիստանն էր, Գետաշենը, Գետաբեկն ու Քարահատը, արևմուտքում՝ Քարվաճառը, իսկ հարավում՝ մինչև Արաքս՝ Դիզակի մելիքության ծայրամասային հատվածները։
Ռուսաստանում հայ ազատագրական շարժման ներկայացուցիչ Մինաս վարդապետ Տիգրանյանը, ավարտելով Պետրոս Մեծի հրամանով կատարված գաղտնի առաքելութունը Հայաստանի պարսկական տիրապետության տակ գտնվող շրջաններ, 1717 թ. մարտի 14-ին բանավոր զեկուցել էր. «Այդ պատրիարքի (իմա՝ Եսայի Հասան-Ջալալյանի) [հոգևոր] իշխանության տակ, Գանձասար վանքի շուրջը, կա 900 գյուղ, ու դրանք մեծ՝ 100, 200, 300, 400 և ավելի տներ ունեցող գյուղեր են։ Գանձասարից մինչև Էջմիածնի վանքը, որտեղ ապրում է մյուս պատրիարքը (իմա՝ Աստվածատուր Ա. Համադանցին – Ա.Ա.), բեռնված ձիերով 5 օրվա ճանապարհ է։ Վերջինս ավելի շատ գյուղեր ունի իր իշխանության տակ, քան Եսայի պատրիարքը, բայց թե որքան՝ այդ մասին ճշգրիտ չգիտի… Այդ երկու վերը հիշված պատրիարքների իշխանության տակ կլինի 200.000 [տուն] ժողովուրդ, դրանք էլ՝ վաճառականներ և գյուղացիությունե։
1724 թ. նոյեմբերի 5-ին Ղարաբաղի հայկական զորքի պատվիրակները Սանկտ-Պետերբուրգում՝ արտաքին գործերի կոլեգիայում հաղորդում էին ավելի հստակ տվյալներ. «Նորին կայսերական մեծության պաշտպանության տակ մտնելու ցանկություն ունեցող հայ ժողովրդի թիվը միայն Ղարաբաղի նահանգում կլինի ընդհանուր առմամբ 100.000 տուն, չհաշված հայկական մյուս նահանգը, որը կոչվում է Կապան և գտնվում է Ղարաբաղի նահանգի և Երևանի միջև՝ իրենցից ձիով 3 օրվա ճանապարհի հեռավորության վրա։ Եվ այդ Կապանի նահանգի հայերն իրենց հետ միաբան են և նույնպես ցանկանում են մտնել Նորին կայսերական մեծության պաշտպանության տակ։ Իսկ այդ Կապանի նահանգում հայ ժողովրդի թիվն ավելի մեծ է, քան Ղարաբաղում, ու մեծ մասը վաճառականություն էե։
5 շունչն ընդունելով որպես XVIII դարի սկզբում հայկական «տանե ամենափոքր քանակ, հոդվածագիրը եզրակացնում է, որ Ղարաբաղի բնակչության ընդհանուր թիվը կազմել է 500,000 մարդ։ 1724 թ. Ղարաբաղի 100,000 հիշատակվող տների մեջ պետք է մտցնել նաև Գանձակի և շրջակա գյուղերի բնակչությունը, որը 1723 թ. հեռացել և ապաստան էր գտել Ղարաբաղի Սղնախներում։ Հետագա քննությունը, ներառյալ ավելի ուշ ժամանակահատվածին վերաբերող ժողովրդագրական տվյալների հիման վրա կատարված հետադարձ հաշվարկը, հաստատաում են, որ 1710-1720-ական թթ. Ղարաբաղի բնակչության թիվը կազմել է մոտավորապես 500,000 մարդ։


ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻՈՅ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ 1923-1939 ԹՈՒԱԿԱՆՆԵՐՈՒՆ - ՄԻՐՕՂԼՈՒ ԱՐՄԱՒԵՆԻ (Թուրքիա, ք. Ստամբուլ)

Ոչ իսլամ քաղաքացիները (հույներ, հայեր, հրեաներ) Թուրքիայում պաշտոնապես համարվում են փոքրամասնություններ, որ ունի պատմական, քաղաքական ու գաղափարական պատճառներ: Դրանք չպետք է անգիտանալ, երբ քեմալական ազգայնականությունը հան-րապետության առաջին տարիներին հետամտում էր բոլոր փոքրա-մասնությունների ազգային ինքնության թուլացմանը` թուրքերքն լեզվի ու մշակույթի պարտադրման միջոցով (իսլամի գերակայություն դպրոցներում և հիմնարկներում թուրքերքնի պարտադրում): 1933 թ. հունիսին ընդունած օրենքով կառավարությունը վերացրեց ոչ իսլամ-ների ազգային ու քաղաքացիական ժողովները, թաղական և ուսում-նական խորհուրդները, դպրոցական հոգաբարձությունները, պատրիարքների (հույն և հայ) ու խախամապետի (հրեա) իրավասությունները սահմանափակելով և հասցնելով դրանք հոգևոր հովվի կարգավիճակի: Նույն նպատակն էին հետապնդում նաև մականվան, տարազի, ինչպես և վակֆերի օրենքը, որոնք սահմանափակում էին երբեմնի միլեթների ազգային ու դավանական իրավունքները:


ԻՏԱԼԱՑԻ ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (XIII-XIV դդ.) - ԳԵՎՈՐԳՅԱՆ Զ. Հ.

Այասում և կիպրոսյան Ֆամա•ուստա քաղաքում •րառված, ապա իտալական դիվաններ տեղափոխված նոտարական փաստաթղթերը վկա¬յում են, որ Կիլիկյան Հայաստանում հաստատվել էին եվրոպական վաճա¬ռականական համայնքներ, որոնց մեջ կարելի է առանձնացնել են Իտա¬լիայի բազմաթիվ քաղաքներից ժամանած հարյուրավոր վաճառականների անձնանուններ:
Կիլիկյան Հայաստանում իտալացիների կառուցած զանազան շինութ¬յունները, հայ կանանց հետ նրանց ամուսնության մի շարք օրինակները և վերջապես նոտարական մուրհակներում հանդիպող բազմաթիվ կտակ-փաստաթղթերը խոսուն վկայություններ են այն մասին, որ XIII դ. առա¬ջին կեսին և XIV դ. երկրորդ կեսին Հայկական թա•ավորությունում մըշ¬տապես եղել է իտալական վաճառականական մեծաքանակ բնակչություն:


ԱՂՎԱՆԻՑ ՄԱՐԶՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ - ՎԱՐԴԱՆՅԱՆ Ա. Մ.

Պարսից արքունիքը V դարի 50-60-ական թվականներին բռնի ուժով ճնշելով հակապարսկական ապստամբությունները Անդրկովկասում պահը համարելով պատեհ 461 թ. Աղվանքում վերացրեց թագավորական իշխանությունը: Աղվանից վերջին թագավոր Վաչե II-ը զրկվեց գահից: Տիրոջ իրավունքով վերացնելով տարածաշրջանի քաղաքական քարտեզըª պարսից արքա Պերոզը (457-487թթ.) հայկական Ուտիք և Արցախ նահանգները 461թ. միացրեց Աղվանից մարզպանությանը, ստեղծելով նոր վարչա-քաղաքական միավոր: Իր իշխանությունը հաստատելով Աղվանքումª պարսից արքունիքը շարունակեց ամբողջ տարածաշրջանն իրեն ենթարկելու ծրագրի հաջորդ մասն իրականացնելª գրավել Կասպից ծովի արևմտյան շրջանները, ինչի հետևանքով հյուսիսում մարզպանության սահմանը հասավ մինչև Դերբենդ:


ԿԱՊԱԴՈՎԿԻԱՅԻ ՏԱՐԱԾՔԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԱՔԵՄԵՆՅԱՆ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ - ԽՈՐԻԿՅԱՆ Հ. Գ.

Մ. թ. ա. VI-IV դդ. Կապադովկիան Աքեմենյան Պարսկաստանի կարևոր նահանգներից էր: Հին սկզբնաղբյուրների բազմակողմանի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս կատարել պատմաաշխարհագրական ճշգրտումներ և հստակեցնել նրա սահմանները: Հոդվածում եկել ենք այն եզրակացության, որ III սատրապությունը (Կապադովկիան) վարչական կայուն միավոր չէր և նրա սահմանները ենթարկվում էին փոփոխությունների:


ՀԱՅՈՑ ՍՄԲԱՏ Ա ԹԱԳԱՎՈՐԻ ԱԲԽԱԶԱԿԱՆ ԱՐՇԱՎԱՆՔԸ - ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Ա. Ս.

Սմբատ Ա թագավորի (890-914) աբխազական արշավանքը տեղի է ունեցել 906 թ., այն բանից հետո, երբ աբխազական թագավոր Կոստանդին Գ-ն գրավել է հայ Բագրատունիների տերության մաս կազմող Կախեթի իշխանությունը, ինչպես նաև Կղարջքի թագավորության որոշ շրջաններ: Սմբատ Ա-ի արշավանքի ընթացքում աբխազական թագավորը գերվել է, իսկ նրա թագավորությունը գրավվել հայկական զորքերի կողմից: Հայոց թագավորն աբխազական թագավորությունում նշանակել է իր կուսակալին: Հետագայում Կոնստանդին Գ-ն ընդունել է Սմբատ Ա-ի գերիշխանությունը և ազատ արձակվել: Այդ շրջանում հայ Բագրատունիների տերության մեջ էին մտնում Մեծ Հայքի մեծագույն մասը, Կղարջքի թագավորությունը, Վիրքը, Կախեթի իշխանությունը և Աղվանքը` մինչև Գլխավոր Կովկասյան լեռնաշղթա:


ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ՀԱՅԴՈՒԿԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ - ԱՌԱՔԵԼՅԱՆ Կ. Մ.

Հայ պատմագիտությունն ունի իր ուրույն դիրքոոշումը հայ հայդուկային շարժման նկատմամբ: Շատ կարևոր են խնդրո առարկայի վերաբերյալ սփյուռքահայ պատմաբանների տեսակետներն ու կարծիքները: Հոդվածում անդրադարձ է կատարված սփյուռքի մի շարք հեղինակների աշխատություններին: Երբեմն իրարամերժ են ու հակասող նրանց կարծիքերը 19-րդ դարավերջին Օսմանյան կայսրության ճիրաններում հեծող արևմտահայության մի բուռ քաջերի ծավալած հայդուկային-ֆիդայական պայքարի ու շարժման վերաբերյալ: Այնուամենայնիվ շատ կարևոր է այն հանգամանքը, որ սփյուռքահայ պատմաբանների ու հեղինակների գերակշիռ մասը գտնում է հայդուկային շարժման անհրաժեշտությունը և նրա տարերային ծավալումը:
Բազմաբնույթ կարծիքները քննարկվող հարցի մեկնաբանման և լուսաբանման առուով իրենց նպաստն են ունենում այսօր ավելի լավ հասկանալու և պատկերացում ունենալու հայոց պատմության այդ շրջանը, այդ հերոսական փուլի անցուդարձերը:


ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ (1941–1942 թթ.) - ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Կ. Ա.

Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրվանից ռազմամոբիլիզացիոն և ռազմապաշտպանական աշխատանքներին զուգընթաց զգալի աշխատանք տարվեց նաև ԼՂԻՄ-ի արդյունաբերությունը պատերազմի պահանջներին համապատասխան վերակառուցելու ուղղությամբ: Կազմակերպվեց ռազմական աշխատանքի թողարկում, այդ նպատակով մոբիլիզացվեցին տեղական բոլոր միջոցները, խիստ ավելացվեց գործող ձեռնարկությունների կարողությունները, աշխատաժամը հասցվեց 10–12 ժամի: Բանակ զորակոչվածներին փոխարինեցին կանայք, մեծահասակներն ու պատանիները: Ստեփանակերտի մետաքսի կոմբինատը յուրացրեց պարաշյուտի կտորի և վիրահատության համար անհրաժեշտ մետաքսաթելի արտադրության տեխնոլոգիան: Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի մոտ գտնվող հանքավայրում սկսեցին արդյունահանել իսլանդական շպատ, որը խիստ անհրաժեշտ էր հրետանային արդյունաբերության համար: Մարտակերտի շրջանի Մեհմանա գյուղի մոտ գտնվող հանքավայրում սկսվեց արճճի հանույթը, որ անհրաժեշտ էր փամփուշտի պատրաստման համար: Մարզում բացվեցինª սայլերի, ձիաթամբերի և հեծելասարքերի, կաշեմշակման արտադրամասեր, լուցկու, օճառի, ֆաներայի, M-50 արկղերի, տակառների պատրաստման փոքրիկ ֆաբրիկաներ, ավիացիոն արդյունաբերության համար յուրացվեց կաղնու ամուր ատաղձափայտի և ֆաներայի թողարկման տեխնոլոգիան: Վիրաբուժական նպատակով յուրացվեց բարձրորակ բժշկական սպիրտի և “C” վիտամինի արտադրությունը: Լայն թափ ստացավ զինվորական հագուստի (բամբակե տաք բաճկոններ և տաբատներ, ականջակալ գլխարկներ, բրդյա գուլպաներ ու ձեռնոցներ) արտադրությունը, որն անմիջապես ուղարկվում էր գործող բանակ: Ստեփանակերտի մեխանիկական գորրծարանում բացվեց ձուլման արտադրամաս, որտեղ օրական ստացվում էր 1–3 տոննա պղնձի և 3–10 տոննա չուգունի համաձուլվածք, յուրացվեց գյուղատնտեսական տեխնիկայի համար պահեստամասերի արտադրման տեխնոլոգիան և այլն: Մի խոսքով, շնորհիվ մարզի աշխատավորության հերոսական աշխատանքի կարճ ժամանակամիջոցում ԼՂԻՄ-ը վերածվեց մի յուրատեսական ռազմական ճամբարի, որտեղ առաջնորդվում էին ՙԱմեն ինչ ռազմաճակատի, ամեն ինչ հաղթանակի համար՚ նշանաբանով:


ՆԷՊ-Ը ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻՈՒԹՅԱՆ ՇԵՐՏԱՎՈՐՈՒՄԸ - ՍՏԵՓԱՆՅԱՆ Ն. Ռ.

Կուսակցության X համագումարը (1921 թ. մարտ), ելնելով երկրի տնտեսական զարգացման պահանջներից, վերացրեց ռազմական կոմունիզմի քաղաքականությունը և մտցրեց նոր տնտեսական քաղաքականություն` նէպ: Թեև այդ ժամանակ ԽՍՀՄ-ը դեռևս չէր ձևավորվել, բոլոր հանրապետությունները, ներառյալ` Հայաստանը, հաշվի առնելով նէպի հիմնական սկզբունքները, այնուամենայնիվ, վերանայեցին իրենց տնտեսական քաղաքականությունը:
Հայաստանում նէպ-ի կենսագործման շնորհիվ 1920-ական թվականներին տեղի ունեցան սոցիալ-տնտեսական էական վերափոխումներ: Դրա հետևանքով գյուղում տեղի ունեցավ շերտավորման նոր գործընթաց, որի շնորհիվ խիստ նվազեց չքավորների ու բատրակների քանակը, միջակը դարձավ գյուղի հիմնական դեմքը, իսկ կուլակությունը դուրս մղվեց ինչպես տնտեսական, այնպես էլ հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության ասպարեզից:


ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՁԵՎԵՐԻ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ - ՄԱՐԶՊԱՆՅԱՆ Հ. Ա.

Սեփականության պատմական ձևերի տնտեսագիտական բովանդակությունը հանգում է մարդկանց կենսագործունեության վերարտադրության եղանակին` որպես նրանց կեցության հասարակական ձևի: Անհրաժեշտ է տարբերել` 1) սեփականության ձևերը, որոնք արտադրաեղանակի որոշակի տիպի արտահայտություն են (անհատական, մասնավոր, հասարակական), 2) սեփականության ձևերը, որոնք հանրայնացման մակարդակի արտահայտություն են (միանձնյա, կոլեկտիվ):
Մասնավոր (մասնավոր-աշխատանքային և մասնավոր-կապիտալիստական) սեփականությունը անհատների աշխատանքի արտադրողական օտարման ձև է, որը բնորոշ է կենսամիջոցների յուրացման որոշակի եղանակի` ապրանքային արտադրությանը: Մասնավոր սեփականությունը անհատների մարդասիրական էության պատմականորեն անհրաժեշտ ձև է: Այն տնտեսական աշխատանքի ազատ կոոպերացիայի բարձրագույն արտահայտությունն է և կարող է վերացվել միայն տնտեսական աշխա-տանքի հետ մեկտեղ: Դա գիտատեխնիկական առաջընթացի, այլ ոչ թե իրավունքի գործառույթն է:


ՄԻԿՐՈԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԲՆՈՐՈՇ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՇՈՒՐՋ (գիտամեթոդական տեսանկյունից) - ԹՈՐՈՍՅԱՆ Կ. Ա., ԴԻԼՈՅԱՆ Ս.Ա.

Միկրոէկոնոմիկան ուսումնասիրում է նաև շուկայական հարաբերությունները բնութագրող գծերը, արժեզրկման, մրցակցության, մոնոպոլիստական միավորումների, նոր արժեքի, շահույթի, տոկոսի, առևտրական, փոխատվական կապիտալի, աշխատավարձի, ռենտային հարաբերությունների և այլ տնտեսական կատեգորիաների հետ առնչվող խնդիրները:
Ազգային տնտեսության կառուցվածքի ենթաշերտերի առանձնահատկություններն առաջին հերթին պայմանավորված են ելակետային տնտեսական հարաբերությունների ընտրության տարբեր մեթոդաբանական մոտեցումներով: Տնտեսագիտության տեսության, առավել ևս նույնատիպ, ամբողջական տրամաբանությունն աղճատող գծագրերով ու գրա‎‎ֆիկներով հագեցած ՙէկոնոմիքսի՚ համար ելակետային են շուկայական հարաբերությունները, իսկ քաղաքատընտեսության համար` արտադրականը:
Նշված մեթոդաբանական մոտեցումներն ունեն որոշ տարբերություններ, սակայն ամբողջության մեջ դրանք նման են մարդկանց լայն պահանջները բավարարող այնպիսի ՙգետի՚, որը, ինչ խոսք, բաղկացած է սնող աղբյուրներից (միկրոմակարդակ` արտադրություն, աշխատանքի տեսակ), վտակներից (մեդիում մակարդակ` տընտեսության ճյուղեր), ավազանից (մակրոմակարդակ` տնտեսության սեկտոր) և համաշխարհային օվկիանոսի հետ կապող գետաբերանից (մեգամակարդակ` տնտեսության ոլորտ):


ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀՀ-ՈՒՄ - ԱԶԻԶԲԵԿՅԱՆ Վ. Ս.

Բոլորին ակնհայտ է այն հանգամանքը, որ 21-րդ դարում բիզնեսը չի կարող բնականոն զարգանալ և մրցունակ լինել առանց համաշխարհային տնտեսական միջավայրին ինտեգրվելու: Միջազգային ֆինանսական ճգնաժամը ի ցույց դրեց ֆինանսական հաշվետվությունների կազմման բարձրակարգ ստանդարտների նշանակությունը և անհրաժեշտությունը, որոնք հնարավորություն կընձեռեն ավելի ճշգրիտ հաշվարկել տնտեսության մեջ ճգնաժամային երևույթների առաջացման հնարավոր ռիսկերը, ինչպես նաև յուրատեսակ կամուրջ կhանդիսանան ողջ աշխարհի ձեռնարկությունների միջև: Վերը նշվածը հատկապես ակտուալ է հայաստանյան ձեռնարկությունների համար, որոնք, բոլորիս հայտնի պատճառներով, ստիպված են հաղթահարել լրացուցիչ խոչընդոտներ կապված փակ սահմանների և չափազանց սահմանափակ ներքին շուկայի հետ:Կարելի է եզրահանգել, որ ինտեգրումը համաշխարհային բիզնես միջավայրին կենսական անհրաժեշտություն է հայաստանյան գործարարների համար: Այս դժվար, բայց կարևորագույն գործի շարժիչ ուժերից մեկը կարող է դառնալ հայաստանյան ձեռնարկությունների անցումը ՖՀՄՍ-ներին: Այս պարագայում հատկապես մեծ օգտակարություն կարող են ունենալ հատուկ ՓՄՁ-ների համար մշակված ստանդարտները, որոնք հանդիսանում են խոշոր ձեռնարկությունների համար ստեղծված ստանդարտների ավելի պարզ ու մատչելի տարբերակը: Նշված ստանդարտները թույլ կտան հեշտացնել միջազգային գործարքներով զբաղվող ՓՄՁ-ների գործը և հնարավորություն կստեղծեն գործակցելու արտասահմանյան ընկերությունների հետ հավասար դիրքերից:
Վաղ թե ուշ մեր գործարարները պետք է հասկանան, որ միմիայն կորպորատիվ կառավարման սկզբունքների վրա հիմնված թափանցիկ և հստակ աշխատանքը կարող է նրանց համար մուտք հանդիսանալ դեպի համաշխարհային բիզնես միջավայր, իսկ երբ դա տեղի կունենա, այդժամ նրանք իրենց նախաձեռնությամբ, առանց կառավարության կողմից որևէ պատժամիջոցների կիրառման սպառնալիքների, կցանկանան անցում կատարել ՖՀՄՍ-ներին և գործակցել ամբողջ աշխարհի հետ միջազգային բիզնեսի ժամանակից լեզվով:


ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ - ՍԻՄՈՆՅԱՆ Վ. Վ.

Ֆինանսական վերլուծության դերն ընդգծվեց հատկապես վերջին ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով: Կազմակերպության ֆինանսական դրության վերլուծությունը, դրա կայունությունը և շահութաբերությունը հետաքրքրում են շահառուների մի մեծ շրջանակի` մատակարարներին և հաճախորդներին, սեփականատերերին և պետական, վիճակագրական մարմինների աշխատողներին և այլն: Միաժամանակ այլևս արդյունավետ չէ ավանդական մեթոդներով վերլուծել և գնահատել կազմակերպության գործունեությունը. դրանց փոխարինելու են գալիս մաթեմատիկական-վիճակագրական մոտեցումները:


ԱՆՁԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ - ԴԻԼԲԱՆԴՅԱՆ Ս. Ա.

Քրեադատավարական օրենսդրությունում, բացի անձի իրավունքներից ու ազատություններից, նշվում է նաև օրինական շահի մասին: Դա նշանակում է, որ օրինական շահը ոչ միայն տեսական կատեգորիա է, այլև օրենսդրության մեջ կիրառություն ստացած: Օրենսդիրը անձի դատավարական վիճակը սահմանելիս ամենից առաջ հաշվի է առնում քրեական գործով տվյալ անձի ձգտումները: Ելնելով այս կատեգորիայի կարևորությունից իրավագետներն այն դիտարկում են որպես անձի իրավական վիճակը բնութագրող պարտադիր տարր: Օրինական շահերի պարզաբանումն ունի կարևոր նշանակություն, քանի որ այն դատավարության մասնակիցների իրավական վիճակի հետագա բարելավման, նրա իրավունքների ընդլայնման նախադրյալներից մեկն է:
Քրեական դատավարության տարբեր մասնակիցների օրինական շահերը կարող են ունենալ հակադիր ուղղվածություն, ինչը ծնում է մրցակցություն նրանց միջև: Այդ կապակցությամբ, ակներև է, որ ժողովրդավարական պետության քրեական դատավարության համար օրինական շահերի պաշտպանությունը ոչ պակաս հրատապ է, քան իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը: Դա պայմանավորված է այն բանով, որ օրինական շահերը հնարավոր են դարձնում մրցակցությունը քրեական դատավարությունում: Քրեական դատավարության տարբեր մասնակիցների օրինական շահերի բախումը արդարադատության հիմքն է: Դրա շնորհիվ վերոնշյալ մասնակիցները հիմնավորում են իրենց դիրքորոշումը առկա ապացույցների օգնությամբ կամ դրանք հերքելու միջոցով:


ԲԱՐԴ ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ - ՔՈՉԱՐՅԱՆ Հ. Ժ.

Տրամաբանական մտքի պատմության մեջ դատողությունների միջև հարաբերությունների խնդիրը միշտ էլ եղել է ուշադրության կենտրոնում: Առաջինը Արիստոտելն է համակարգված ուսումնասիրել այդ խնդիրը` տալով պարզ դատողությունների միջև տրամաբանական հարաբերությունների ձևակերպումները: Ինչպես հայտնի է, Արիստոտելը բարդ դատողություն-ների միջև տրամաբանական հարաբերություններին չի անդրադարձել: Հետագա դարերում շատ հեղինակներ այս կամ այն կերպ անդրադարձել են բարդ դատողությունների միջև առանձին /հիմնականում` համարժեքության/ հարաբերություններին, բարդ դատողությունների ժխտման խնդրին: 1980-ական թթ. Վ.Կիրիլովը և Ա.Ստարչենկոն իրենց ՙՏրամաբանություն՚ դասագրքում առանձին ենթաբաժնով անդրադարձել են բարդ դատողությունների միջև տրամաբանական հարաբերությունների հարցին` ներկայացնելով դրանց ընդհանուր նկարագրությունը: Հարցի հանգամանալից ուսումնասիրություն հրապարակում չկա /համենայն դեպս` համացանցային որոնումը նման գրականություն չի հղում, որը ներկայացնի հարաբերու-թյունների ոչ թե մի քանի, այլ բոլոր դրսևորումները/: Սույն աշխատանքը մի փորձ է ներկայացնելու բարդ դատողությունների միջև տրամաբանական հարաբերությունների ամբողջական համակարգը, բացահայտելու այդ հարաբերությունների որոշ առանձնահատկություններ: Բարդ դատողությունների միջև տրամաբանական հարաբերությունները ակնառու կերպով ներկայացնելու համար առաջարկվում է նաև ՙտրամաբանական շրջանագիծ՚ կոչվող գծապատկերը:


ՄԻՋԻՆ ԽԱՎԻ ՉԱՓՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅՈՒՄ (ՀՀ միջին խավի բնութագրիչները ժամանակակից փուլում) - ՄԵԼՔՈՒՄՅԱՆ Յու. Գ.

Միջին խավը հարուստներից առանձնացնող սահմանն, անշուշտ, առկա է հայաստանյան հասարակությունում: Սակայն այդ սահմանն անհրաժեշտ է ուրվագծել` կիրառելով ամենամյա դիտարկման մանրակրկիտ մըշակված մեթոդ, որը հնարավորություն է տալիս հավաստի նկարագրել այդ սահմանի բնութագրիչները: Որպես միջին խավի հարաբերականորեն կայուն բնութագրիչներ կարելի է առանձնացնել կրթական բարձր մակարդակը, մասնագիտացումը, կայուն եկամուտը, յուրահատուկ արժեքային կողմնորոշումները և ապրելակերպը:
Մեր հասարակության մեջ միջին խավը բավական բազմաշերտ է: Այն հիմնվում է տնտեսական բնութագրիչների և յուրահատուկ ապրելակեր-պի վրա, մինչդեռ հայաստանյան միջին խավի քաղաքական իշխանամետ դիրքորոշումը լուրջ կասկածների տեղիք է տալիս: Կրթությունը և մասնագիտությունը, որպես դասակարգային գործոններ, տարեցտարի ավելի մեծ կարևորություն են ձեռք բերում: Այդուհանդերձ, հայաստանյան միջին խավը հետզհետե ստանձնում է ՙսոցիալական ողնաշարի՚ և ՙկայունացնողի՚ գործառույթները ինչպես տնտեսական ու քաղաքական, այնպես էլ սոցիալական ոլորտներում:


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ - ԱՌԱՔԵԼՅԱՆ Ի. Ա.

XX դ. վերջին գլոբալացումը դարձավ համաշխարհային տնտեսության զարգացման ամենակարևոր միտումը: Դրա բնորոշ տարրերից է բնակչության տեղաշարժը: Տնտեսության միջազգայնացումը և երկրների անհավասար զարգացումը ներկայումս հանգեցրել են միջազգային աշխատանքային տարագնացությունը:
Արևմտյան տնտեսական գրականության մեջ ստեղծվել են բազմաթիվ տեսություններ, որոնք փորձում են բացատրել այդ տեղաշարժի առաջացման շարժառիթները, ինչպես նաև թողած հետևանքները ամբողջ աշխարհի, դոնոր և ընդունող երկրների վրա: Միջազգային աշխատանքային միգրացիայի առկա տեսությունները ներառում են անհատական կառուցված-քային մոտեցումներ, հիմնված են նաև համակարգային մոտեցման վրա: Այնուամենայնիվ, դրանք ընդհանրացնելու բոլոր փորձերը դեռևս անարդյունք են:
Միջազգային աշխատանքային տարագնացությունը նպաստում է տըվյալ երկրի կենսագործունեության տարբեր ոլորտների արագացված զարգացմանը, միջմշակութային և գիտատեխնիկական կապերի փոխհարստացմանը, սակայն բացասաբար է անդրադառնում տնտեսական, գիտական և հոգևոր ներուժի վրա:


ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ – ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ - ԽԱՉԱՏՐՅԱՆ Ս. Է.

Խորհրդային և հետխորհրդային` անցումային ժամանակաշրջանի գենդերային դիսկուրսի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ խորհրդային հասարակության պայմաններում գենդերային նույնականացման գործընթացները մեկնաբանվում էին մեկ համընդհանուր դիսկուրսի` խորհրդային քաղաքացու ինքնության լույսի ներքո: Գենդերային ինքնության քաղաքականությունն ուղղված էր պետության սոցիալ-տնտեսական, քաղաքական և գաղափարախոսական նպատակների իրագործմանը: Անցումային շրջանի հայ հասարակության գենդերային դիսկուրսը, թեև, ի տարբերություն նախորդ շրջանի, աչքի է ընկնում սոցիալական քաղաքականության ազատականացմամբ և գենդերային մոտեցումների բազմազանությամբ` այնուհանդերձ դրանք շատ հաճախ իրարամերժ են, և այդ առումով հայ հասարակությունը կանգնած է ավանդականի և արդիականի գենդերային արժեքների ու նորմերի երկընտրանքի առջև:


ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԱՐՑԱԽՈՒՄ (2000-2006 ԹԹ.) - ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Հ. Բ.

Արցախյան պատերազմի տարիներին գրեթե լիովին քայքայվել էր հանրապետության տնտեսությունը: Դա չափազանց վատ էր անդրադարձել բնակչության սոցիալական և կենսամակարդակի հարցերի վրա: ԼՂՀ սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու նպատակով 1990-ական թթ. երկրորդ կեսին Արցախի իշխանությունների սկսած աշխատանքները թափ առան 2000-2006 թթ.: Այդ ժամանակաշրջանում մի շարք քայլեր ձեռնարկվեցին կենսաթոշակների բարձրացման, աշխատատեղեր բացելու, բնակարանաշինությունը զարգացնելու, կրթական և մշակութային կյանքն աշխուժացնելու, կարիքավորներին, մանավանդ վիրավոր և զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու և այլ կենսական հարցեր վճռելու ուղղությամբ: Դրանում զգալի օգնություն են ցուցաբերում նաև Հայաստանի Հանրապետությունը և սփյուռքը:


ԲԱՌԱԽԱՂԸ ԺՈՐԱ (ԳԵՎՈՐԳ) ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՂԱԶԱՐԸ ԳՆՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆՈՒՄ - ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ Ա. Ա.

"Ղազարը գնում է պատերազմը" հայ կատակերգության գլուխգործոցներից է ոչ միայն գրական-գեղարվեստական բարձր արժանիքների, այլև հյութեղ ու ճոխ բառապաշարի և լեզվաոճական ինքնատիպ իրողությունների կիրառման շնորհիվ:
Գ. Հարությունյանի "Ղազարը գնում է պատերազմ" կատակերգությունում համանուններով, հարանուններով, նույնիսկ հոմանիշ բառերի երկիմաստ, սրամիտ կիրառություններով մտահղացված և այլ տիպի բառախաղային թյուրընկալման օրինակները էապես նպաստել են երկի խոսքարվեստի ամբողջականացմանը: Ե'վ թյուրընկալումը, և' բառախաղը կարող են միանգամայն ինքնուրույն կիրառություն ունենալ, սակայն երգիծական ստեղծագործություններում ոճական առումով ամենաարդյունավետը նրանց փոխկապակցված գործածությունն է: "Ղազարը գնում է պատերազմ" կատակերգությունը առատ է հենց այս տիպի բառախաղերով:


ՍԻՄՎՈԼԻԶՄԸ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ - ԶՈՒԼՈՒՄՅԱՆ Բ. Ս. (ՌԴ, ք. Մոսկվա)

Ե. Չարենցի ստեղծագործությունը շրջադարձային է XX դ. հայ գրականության համար: Նրա ստեղծագործության մեջ հատվել են գրական մի քանի ուղղություններ` սիմվոլիզմ, ավանգարդ, ժողովրդական բանաստեղծական ավանդույթ, արևելյան պոեզիա: Բանաստեղծի ստեղծագործական անհատականությունը ձևավորվել է ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի մշակութային ազդեցությունների հիման վրա:
Չարենցի ստեղծագործության վաղ շրջանի` ՙՏեսիլաժամեր՚, ՙՀրո երկիր՚, ՙԾիածան՚, ՙՓողոցային պչրուհուն՚ շարքերը ունեն վառ արտահայտված խորհրդապաշտական բնութագիր և բանաստեղծական ոչ պակաս նշանակալից գլուխգործոցներ են, քան նրա հետագա շրջանի ստեղծագործությունները: Բանաստեղծը կիրառում է արդեն հայտնի թեմաներ և կերպարներ, միաժամանակ ստեղծում է խորհրդանշանների իր համակարգը` կրակ, արև, կապուտաչյա հայրենիք, կապույտ աղջիկ, նաև` ոսկեգույնի, կապույտի, մանուշակագույնի գունապատկերներ:
Ե. Չարենցի` խորհրդապաշտական շրջանի ստեղծագործությունների վերաբերյալ հայ գրականագետների գնահատականները հակասական են` սկսած այդ փուլը նմանողական համարելուց, որը որևէ նորություն չի պարունակում, մինչև վերջին տասնամյակների հետազոտությունները, որոնք խորհրդապաշտական գեղագիտության դիրքերից են քննում Չարենցի 1915-1920 թթ. պոեզիան:


ՊԱՏՄՈՂ ՀԵՂԻՆԱԿԸ Գ. ՄԱՀԱՐՈՒ ԱՐՁԱԿՈՒՄ - ԱՂԱՋԱՆՅԱՆ Ս. Ա.

Գեղարվեստական ստեղծագործությունն ինքը հեղինակն է: Հետևաբար հեղինակին (ստեղծագործող անհատականություն) ճանաչելու հարցարումն է այն ամենաընդարձակ տեսանկյունը, որով կարելի է ձեռնամուխ լինել ստեղծագործության ուսումնասիրությանը: Սակայն հեղինակ ասելով կարելի է հասկանալ նաև տեքստը գրելով պատմողը և հարցն ուսումնասիրել պատմողի ստեղծագործական վարքագծի (պատումի ոճ) շրջանակներում: Այս առումով բավական հետաքրքիր նյութ է Գ. Մահարու արձակը: Նկատված առանձնահատկություններից է հեղինակի ակտիվ, մշտառկա ներկայությունն իր տեքստում: Դա իհարկե նույնական չէ միայն ինքնապատում գրականության մեջ հեղինակի` որպես գործող հերոսի, ներկայությանը: Ոճական առանձնահատկությունն ավելի ինքնատիպ է դառնում տեքստը շարադրելու ժամանակին բնորոշ իրողությունների հավելադրումով և հերոսների գեղարվեստական ժամանակի մեջ հեղինակի ներկայությամբ: Պատումի ոճական էական առանձնահատկություններից է ստեղծագործական վարքագծի մի հատկանիշ, որը պայմանականորեն կարելի է համարել էքսկուրսավարի աշխատանք: Վերջինս պայմանավորված է հատկապես ՙԱյրվող այգեստաններ՚-ի ամենանշանակալի առանձնահատկություններից մեկով` կոլորիտային հարստությամբ ու բազմազանությամբ: Բնորոշ է նաև ոճական ինքնատիպ մի դրսևորում, որը կարելի է անվանել հերոսի խոսքի իրավունքը յուրացնելու հեղինակային նախատրամադրվածություն:
Բնորոշ առանձնահատկություններից են այլ հեղինակներից ուղղակի կամ անուղղակի հիշատակվող մտքերի առկայությունը, ժամանակ և գեղարվեստական տեքստի կառուցվածք փոխհարաբերությունը: Ինքնատիպ և բազմազան դրսևորումներ ունի հերոսների կենսական ժամանակը:
Այլ ոճական առանձնահատկությունները ևս գալիս են փաստելու, որ Գ. Մահարու արձակի ամենաբնորոշ յուրօրինակություններից է պատմող հեղինակի սուբյեկտիվ վերաբերմունքի անթաքույց առկայությունը:


ՄԱՐԴԸ` ՈՐՊԵՍ ՆԱՐԵԿՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳԵՐԱԿԱ ԴԵՐԱԿԱՏԱՐ - ՄԱՐԳԱՐՅԱՆ Մ. Մ., ԶԱՔԱՐՅԱՆ Մ. Գ.

Հայ վերածննդի հիմնադիր Գր. Նարեկացու (951-1003 թթ.) ստեղծագործությունների հայեցակարգի հիմքը մարդու հիմնահարցն է: Լինելով ժամանակի սոցիալ-քաղաքական հարաբերությունների կըրողն ու արտահայտիչը` Նարեկացին ուսումնասիրում է մարդու էությունը, նրա բարոյական, մարդասիրական դիմագիծը` պայմանավորված իր նմանների հանդեպ ունեցած վերաբերմունքով: Ազգային գրականության մեծագույն ներկայացուցիչը մարդուն բացահայտում է բազմաչափ սիրո փիլիսոփայությամբ` միաժամանակ կարևո-րելով տարածական և ժամանակային բազմաչափությունը:


ՀԱՅԻ ԿԵՐՊԱՐԸ ԱՐԴԻ ԻՐԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ - ՍԱՖՐԱՍՏՅԱՆ Լ. Մ.

Հայկական թեման և հայի կերպարն ինքնատիպ դրսևորում են գտել XX դարասկզբի "պերսիանիստական" ազգայնական գրական շարժման մեծահամբավ ներկայացուցիչների` Մոհամմադ Ալի Ջամալզադեի, Սադեղ Հեդայաթի, Բոզորգ Ալավիի պատմվածքներում: Առանձնակի ուշադրության է արժանի հայ կնոջ կերպարը, որը լավագույնս դրսևորվել է Ա. Շամլուի, Բ. Ալավիի, Մ. Ռավանիփուրի, Ռ. Ջուլայիի, Զ. Բեհրուզիի, Զ. Փիրզադի, Ֆ. Աղայիի չափածո և արձակ ստեղծագործություններում:
Հայ մարդու ազգային բարձր բարոյական նկարագիրը կարևոր շեշտադրում է ստացել հետհեղափոխական իրանական գրականության մեջ: Հատկանշական են, օրինակ, Է. Ֆասիհի "Վերջին մենությունը", Ա. Շամլուի "Նազլիի մահը", Իբրահիմ Հասանբեյգիի "Մասիհի առեղծվածը", Շ.Փարսիփուրի "Ասիյեն երկու աշխարհների միջև" ստեղծագործությունները, որոնց մեջ ընդգծված են հայի ազգային դիմագծին հարիր կենսասիրությունը, ազնվությունը, բարությունը, սերը դեպի լույսն ու գիտությունը:


Շ. ԲՐՈՆՏԵԻ "ՋԵՅՆ ԷՅՐ" ԵՎ Ս. ՏՅՈՒՍԱԲԻ "ՄԱՅՏԱ" ՎԵՊԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

XIX դ. կին գրողներ Շառլոթ Բրոնտեն և Սրբուհի Տյուսաբը ֆեմինիստական գրականության հետևորդներ են: Նահապետական հասարակության մեջ կինը հնարավորություն չուներ անկաշկանդ արտահայտելու իր մտքերը: Ուստի կին գրողները ստիպված էին իրենց իղձերն ու գաղափարներն արտահայտել ծածկագրված լեզվի միջոցով: Ե'վ Շ. Բրոնտեն, և' Ս. Տյուսաբը, պահպանելով գրական ավան-դույթները, ներկայացրել են իրենց հուզող խնդիրները` ինքնատիպ ոճով պատկերելով կնոջը թե' որպես հա-սարակության անդամ, թե' որպես անհատականություն: "Ջեյն Էյր" և "Մայտա" վեպերում, ցույց տալով կնոջ իրավազուրկ վիճակը, նըրանք առաջ են քաշում այն գաղափարը, որ կինը կարող է ազատություն նվաճել կրթության և աշխատանքի շնորհիվ:

ԱՅՈ-ՈՉ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ ՂՈՒԿԱՍԻ ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆ ԵՎ ԳՐԱԲԱՐ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ - ՂՈՒԿԱՍՅԱՆ Ս. Վ.

Ինչպես Մատթեոսի և Մարկոսի, այնպես էլ Ղուկասի Ավետարանում, քանակով բոլորից շատ են ինչու-որ հարցումները, իսկ այո-ոչ-երը զգալի քիչ են: Ղուկասի Ավետարանում կա 31 այո-ոչ հարցական նախադասություն, որոնցից 18-ը միաբևեռ են, այսինքն, միայն մեկ հարցում են պարունակում, իսկ 11-ը` բազմաբևեռ: Բազմաբևեռ հարցումներից 2-ը կազմված են երկու այո-ոչ հարցական նախադասություններից: Միաբևեռ և բազմաբևեռ հարցումները լինում են պարզ և բարդ: Բարդերը ավելի շատ են, քան պարզերը, որոնք հիմնականում բարդ ստորադասական կառույցներ են:


ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ - ՏՈՆՈՅԱՆ Ս. Հ.

Մարդկության պատմության մեջ 20-րդ դարը նշանավորվեց գիտության աննախադեպ զարգացումով: Սակայն նյութի տրոհման և քայքայման հետ մեկտեղ դարը բնորոշվեց նաև մարդկային հոգու քայքայումով, բարոյաէթիկական արժեհամակարգի փլուզումով: Աշխարհում, ուր ամեն ինչ տրված է ու ոչինչ բացահայտված չէ, ուր մարդու համար անհասկանալի են Աստծո ծրագրերը, իշխող դարձան Աստծո բարության, իրավացիության կամ արդարացիության, Աստվածային խորհրդի և Աստվածային անսահմանության ժխտումն ու կասկածը:
Այս ամենի համատեքստում Աստվածային արարչագործության, Աստվածային փորձի, Աստծո նկատմամբ վերաբերմունքի, Բարու և չարի զգացողության ու ընկալման, Աստծո երկու ծրագրերի բացահայտման հարցերը փորձաքար եղան դարի բազմաթիվ մեծ մտավորականների, գրողների, արվեստագետների համար: Այս հարցերի պատասխանները փորձեց տալ նաև անցյալ հարյուրամյակի մեծագույն գրողներից մեկը` Վիլյամ Սարոյանը: Իր գեղարվեստական համակարգում նա ժխտեց մարդու անհոգս կեցության, նրա` Աստծո կողմից լքվածության և դատապարտվածության, չարի վերջնական հաղթանակի տեսակետը:
Սարոյանի ստեղծագործության վրա հսկայական է մարդկության մեծագույն գրքի` Աստվածաշնչի ազդեցությունը: Մեծ գրողը կարևորեց և բարձրացրեց Աստվածաշնչյան բազմաթիվ ճշմարտություններ ու արժեքներ, Սիրո, Բարության, Ճշմարտության, չարի վերջնական պարտության, ինքնազոհաբերման, գեղեցկության, տառապանքի, Աստծո արքայության, կյանքի անցողիկության և ունայնության, աշխարհի անկատարության, մահվան, Աստծո և մարդ փոխադարձ կապի ու փոխհարաբերության և այլ հարցեր` մարդուն բերելով հույս և մխիթարություն, հաստատելով Ղուկասի Ավետարանում ասվածը, թե "Աստծո Արքայությունը ներսում, ձեր մեջ է":


ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ՏԵՔՍՏԻ ՆԵՐՔԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (1970-ական թթ. հայ բանաստեղծության կառուցվածքային առանձնահատկություններ) - ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ Հ. Գ.

XX դարի 70-ական թվականների հայ բանաստեղծական սերունդը, ի տարբերություն իր անմիջական նախորդների, զգալի հակվածություն դրսևորեց դասական պոեզիայի նկատմամբ` ձգտելով ավանդականի և նորարարության հնարավոր փոխհամատեղման: Նկատված տիպաբանությամբ առանձնացան հատկապես Հր. Սարուխանի, Հ. Մովսեսի, Էդ. Միլիտոնյանի, Ղ. Սիրունյանի, Հր. Թամրազյանի ստեղծագործությունները, որոնց կառուցվածքային ներքին հարաբերություններում բառը ձգտեց հաղթահարել իր նախնական իմաստը, ձեռք բերել ընկալման այլընտրանքայնություն:
Տիպաբանական այսօրինակ եղանակով հոգևոր ինֆորմացիան մուտք է գործում վերակոդավորման նոր հարթություն, ի ցույց դնում ինքնաբացահայտման նորանոր շերտեր, ինչին և վերջնական արդյունքում ձգտում է բանաստեղծության գաղտնիքը:
Գեղարվեստական հնարքի նմանատիպ կիրառմամբ, փաստորեն, հիշյալ սերունդն ապահովեց պոեզիայի զարգացման շղթայական համակարգը` նրանում ունենալով իր տարածությունն ու ժամանակը:


ԴԱՐՁՎԱԾՆԵՐԻ ՈՃԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ - ԵՐԶՆԿՅԱՆ Ռ. Ա.

Խոսքի մեծ վարպետ Համո Սահյանն իր պոեզիայում հաճախ է գործածում դարձվածային փոխաբերություններ: Բանաստեղծի պոեզիայում մեծ թիվ են կազմում ժողովրդական ծագում ունեցող դարձվածները, հեղինակային նորաբանությունները:


ՓՈՑԽ ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ԲԱՌԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՐԲԱՌՆԵՐՈՒՄ - ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Ա. Ա.

Հայոց երկրագործական աշխատանքներում կարևոր տեղ է գրավել փոցխը: Հայերենի բարբառներում ՙփոցխ՚ հասկացությունն ունեցել է մի շարք բառային զուգաբանություններ` փոցխ, ցաքան, տափան, մանկեռ, սանդր, ակռան, կակռան, ճանկռիկ, գալբարի, ալաքեշ, կռանթիլ, քառեշտ, գրաբլի, տրմուխ, քամելի և այլն: Փոցխ գործիքը հայերենի բարբառներում կոչվել է ավելի քան 25 բառանուններով:
Խոսվածքների քանակով լայն տարածական ընդգրկում ունեն փոցխ (ավելի քան 200 խոսվածք), տրմուխ (շուրջ 70), մանկեռ (43), ճանկռիկ (42) գրաբլի (34) բառանունները` իրենց հնչյունական տարբերակներով, սահմանափակ տարածական ընդգրկում ունեն կակռան (16), ցաքան (11) բառանունները` իրենց հնչյունական տարբերակներով, հազվադեպ հանդիպողների թվին են դասվում սանդր (5), ակռան (5), քառէշտ (4), քամելի (2) բառանունները և այլն:


ՌՈՄԵՈ ԵՎ ՋՈՒԼԻԵՏ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍԱԿԱՆ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐԸ - ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Տ. Բ.

Հեղինակային ստեղծագործությունները կարող են ներառել բանահյուսական տարրեր: Շեքսպիրի ՙՌոմեո և Ջուլիետ՚ պիեսում նույնպես առկա են նման դրսևորումներ:
Շեքսպիրի ողբերգության գլխավոր աղբյուրը Արթուր Բրուկի ՙՌոմեոյի և Ջուլիետի ողբերգական պատմությունը՚ (“The Tragicall Historye of Romeus and Juliet”) ստեղծագործությունն է: Պիեսի բանահյուսական զուգահեռները հանդիպում են տարբեր մշակույթների բանահյուսություններում: Հետևյալ ստեղծագործություններն են համարվում տարբեր երկըրների ՙՌոմեո և Ջուլիետ՚-ը` ՙԲոսկո Բրկիք և Ադմիրա Իզմիք՚ (Սարաևո), ՙՋայապրանա և Լայոնսարի՚ (Բալի), ՙԼայլա և Մաջնու՚ (Հնդկաստան), ՙՍասի և Պունու՚ (Հնդկաստան), ՙՀիր և Ռանջա՚ (Հընդկաստան): Նման տարրեր ունի նաև Օվիդիոսի ՙՊիրամոսը և Թիսբեն՚ ստեղծագործությունը:
ՙՌոմեո և Ջուլիետ՚ ողբերգության և դրան զուգահեռ ստեղծագործությունների ընդհանրությունը մեկն է` անձնուրաց սերը:


ԵՐՎԱՆԴ ՈՍԿԱՆՆ ՈՒ ՆՐԱ ԴԵՐԸ ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՔԱՆԴԱԿԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ - ԱՂԱՍՅԱՆ Ա. Վ.

Առանց Երվանդ Ոսկանի (1855-1914) գեղարվեստական և մանկավարժական ակտիվ գործունեության դժվար է պատկերացնել XIX-XX դարերի սահմանագծին Կոստանդնուպոլսի մշակութային կյանքը: Մասնագիտական լավ կրթություն ստանալով Իտալիայում և Ֆրանսիայում` նա դարձավ ոչ միայն հայկական, այլև թուրքական իրականության մեջ համբավ վայելող հայ պրոֆեսիոնալ առաջին քանդակագործը: Ոսկանը բարձրարվեստ դիմաքանդակների, թեմատիկ և դեկորատիվ քանդակների ու արձանիկների, ինչպես նաև յուղաներկ կտավների ու ջրանկարների հեղինակ է, որոնցից շատերն այսօր պահվում են Երևանի և Ստամբուլի գեղարվեստական թանգարաններում ու մասնավոր հավաքողների մոտ:
Որպես շնորհաշատ քանդակագործ` Ոսկանը ճանաչում գտավ դեռ 1878-ին, երբ անթերի վարպետությամբ վերականգնեց Սայդայում (անտիկ Սիդոնն է` ներկայիս Լիբանանի հարավում) հայտնաբերվածª Ալեքսանդր Մակեդոնացու մարմարե ենթադրյալ սարկոֆագը: Կ. Պոլսի Հնագիտական թանգարանի տնօրեն Օսման Համդի բեյի հետ նա հետագայում մասնակցեց Նեմրութ լեռան վրա կատարված պեղումներին, որոնց արդյունքները նրանք ամփոփեցին 1883 ին ֆրանսերենով հրատարակված ՙLe Tumulus de Nemroud-Dagh՚ (ՙՆեմրութ լեռան դամբանաթումբը՚) աշխատության մեջ:
Օսմանյան Գեղարվեստի բարձրագույն վարժարանի կամ Գեղեցիկ արվեստների բարձրագույն դպրոցի հիմնադրման պահից` 1882-ից ի վեր Երվանդ Ոսկանը վարել է Օսման Համդի բեյի և իր գործուն մասնակցությամբ կյանքի կոչված գեղարվեստական այդ բարձրագույն կրթօջախի արձանագործության պրոֆեսորի ու ներքին տեսուչի պաշտոնները:
Երվանդ Ոսկանի մոտ սովորել, նրանից ուսանելի խրատներ ու դասեր են առել հետագայում տարբեր երկրներում ապրած և ստեղծագործած հայ նկարիչներ, քանդակագործներ ու ճարտարապետներ` Թ. Թորամանյան, Ա. Ֆեթվաճյանը, Ե. Նազարյան, Ե. Դեմիրճյան, Ս.Երկանյան, Լ. Քյուրքչյան, Տ. Եսայան, Հ. Փուշման (Փուշմանյան) և ուրիշներ: Նա էր թուրք առաջին արձանագործներ Իհսան Օզսոյի, Իսա Բեհզատի, Բասրիի, Մեսուր Իզզեթի, Մեհմեթ Բահրիի, Մահի Թոմրուքի և այլոց ուսուցիչը:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿՈԹՈՂՆԵՐԸ. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՎԱՂՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ - ՀԱԿՈԲՅԱՆ Զ. Ա.

Պատմական Հայաստանի և Վրաստանի տարածքում վաղքրիստոնեական քանդակի զարգացումը ի հայտ է բերում շատ ընդհանրություններ: Այստեղ պահպանված ազատ կանգնած հուշարձաններըª քանդակազարդ կոթողները, թվագրվում են VI-VII դարերով: Ֆրանսիացի գիտնական Ն. Թիերին առաջինը ուշադրություն դարձրեց այս խնդրինª խոսելով Գոգարանի քանդակագործական դպրոցի մասին: Գուգարքի և Քարթլիի կոթողները նույնանում են հորինվածքային և դեկորատիվ լուծումներով, ինչպես նաև գեղարվեստական և պատկերագրական մեկնաբանությամբ. դրա լավագույն օրինակներն են Օձունի և Խանդիսիի կոթողները: Միևնույն ժամանակ, հնարավոր է Գոգարանի դպրոցի շրջանակում տարանջատել մի քանի արհեստանոցներª համաձայն պատկերագրական և դեկորատիվ որոշակի առանձնահատկությունների: Օձուն-Խանդիսիից բացի կարելի է առանձնացնել նաև Բրդաձորի խումբը: Միչև այժմ հայ և վրացի գիտնականները փորձել են ցույց տալ այս հուշարձանների զուտ ազգային ակունքները: Սակայն այս երկու հարևան երկրներում կոթողներն ունեն գեղարվեստական և խորհրդաբանական մտահաղացման այնպիսի ընդհանրություններ, որ գիտականորեն ավելի ճիշտ կլիներ խոսել վերջիններիս տեղային, այլ ոչ թե ազգային առանձնահատկությունների մասին:


ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԺԱՆՐԸ ՀՈՎՍԵՓ ԿԱՐԱԼՅԱՆԻ ՆԿԱՐՆԵՐՈՒՄ - ՄԻՆԱՍՅԱՆ Մ. Պ.

Հ. Կարալյանի ժանրային պատկերներն արտացոլում են հին Թիֆլի¬սի և Սա•արեջոյի անկյունները, մարդկանց նիստուկացը, աշխա¬տանքային առօրյան:
Կարալյանն ու նրա ստեղծա•ործությունը ներդաշնակություն են: Նա իր հերոսների հետ է, յուրաքանչյուրի մեջ: Նկարիչը սիրում է իր հերոսներին այնպիսի վարակիչ սիրով, որ դիտողն ակամայից դառնում է տվյալ կոմպոզիցիայի կերպարներից մեկը, ապրում նրանց մեջ, դառնում նրանց ուրախության ու վշտի ընկեր, մաս¬նակից:
Հ. Կարալյանն իրավամբ ժողովրդական նկարիչ է: Որպես կենցաղային ժանրը ներկայացնող լավա•ույն նկարիչներից մեկը` նա հայ արվեստի պատմության մեջ •րավել է իր հաստատուն տեղը:


ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ - ԽԱՉԱՏՐՅԱՆ Ժ. Դ., ՀԱԿՈԲՅԱՆ Ն. Ֆ.

Քաղաքական, տնտեսական ու մշակութային վերելքը մ.թ.ա. III-I դդ. Հայաստանի հզորացման հիմք հանդիսացան: ՈՒստի պատահական չէ, որ Տիգրան II-ի (մ.թ.ա. 95-55 թթ.) օրոք Հայաստանը դուրս եկավ միջազգային լայն ասպարեզ և դարձավ Առաջավոր Ասիայի քաղաքական հզոր ուժերից մեկը: Տիգրանը Աղձնիքում կառուցեց նորաստեղծ կայսրության մայրաքաղաք Տիգրանակերտը (մ.թ.ա. 80-ական թվականների վերջերին), որի տեղը գրեթե բոլոր աղբյուրները ցույց են տալիս Տիգրիսի վերին հոսանքի շրջանում, բայց մի մասը նշում է Տիգրիսից հյուսիս, մյուս մասը` հարավ: Առ այսօր քաղաքի տեղադրության հարցում հստակություն չկա: Կարծում ենք եղած տեսակետներից ամենահավանականը Լեման Հաուպտինն է: Տեղանքի և քաղաքի նկարագրությունը, դարբասները, պարիսպները, շինաքարը (կրաքար), բնորոշ են հելլենիստական շրջանի ճարտարապետությանը: Կարևոր է նաև հունարեն արձանագրության առկայությունը: Իհարկե հարցի վերջնական պատասխանը կարող են տալ պեղումները:


ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐԸ` ՈՐՊԵՍ ՀԱՅ ԷԹՆՈՍԻ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ՄԱՍ - ՔՈՉԱՐ Ն. Հ., ՄԻՐԶՈՅԱՆ Ք. Պ.

Վերջին տասնամյակում բազմակողմանի հետազոտություններ են տարվում հայկական էթնոսի բոլոր էթնոտարածքային խմբերում: Սակայն համշենահայությունը, հասկանալի պատճառներով, դուրս է մնացել ուսումնասիրության ոլորտից:
Վերջին ժամանականերում Երևանաբնակ համշենահայության շրջանում տարվող ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ խմբերը ոչնչով չեն տարբերվում ընդհանուր հայկական տեսակից և առավելապես մետ են Արևմտյան Հայաստանից դուրս եկած խմբերին:


ԱՐՄԻՆ ՎԵԳՆԵՐԸ` ՈՐՊԵՍ ՄԵԾ ՄԱՐԴԱՍԵՐ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱՆԱՏԵՍ - ՍՏԵՓԱՆՅԱՆ Ս. Ս.

Գերմանացի նշանավոր գրող, հրապարակախոս, իրավագիտության դոկտոր, մեծ հումանիստ Արմին Թեոֆիլ Վեգները առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հանդիսանալով Թուրքիայում գերմանական ռազմական միսիայի սանիտարական ծառայության աշխատակից, 1915 թ. հուլիս-օգոստոս ամիսներին շրջագայում է գրեթե ամբողջ Արևմտյան Հայաստանում, ականատես է դառնում արևմտահայության սարսափելի տեղահանությանն ու ցեղասպանությանը: Այնուհետև, աշխատելով ֆելդմարշալ ֆոն դեր Գոլցի շտաբում, ականատես է դառնում նաև անապատներ տեղահանված հայերի հանդեպ կատարված ոճրագործություններին: Այդ կապակցությամբ նա ԱՄՆ-ի պրեզիդենտ Վուդրո Վիլսոնին ուղարկած ՙբաց նամակում՚ գրեռլ է. ՙԵրբ թուրքական կառավարությունը 1915 թ. գարնանը ձեռնամուխ եղավ երկու միլիոն հայերին երկրի երեսից բնաջնջելու իր հրեշավոր ծրագրի իրագործմանը, Ֆրանսիայում, Անգլիայում և Գերմանիայում նրանց եվրոպական ընկերակիցների ձեռքերը շաղախված էին սեփական չարաբախտ արյունով, որը հեղում էին իրենց անըմբռնելի ցավոտ կուրությամբ, և ոչ ոք չխանգարեց Թուրքիայի խավարամիտ տիրակալներինª իրականացնելու այն տանջալից խոշտանգումները, որոնք կարող էին համեմատվել միայն խելագար հանցագործի գործողություններին: Այդպես նրանք մի ամբողջ ժողովրդիª տղամարդկանց ու կանանց, ծերունիների և երեխաների, հղի մայրերինու ծծկեր մանուկների քշեցին արաբական անապատները միայն մի նպատակով` սովամահության մատնել բոլորին՚:
Արմին Վեգները հրապարակել է փաստագրական մի շարք հայերի ցեղասպանության ու տեղահանության վերաբերյալ, լուսանկարել է սարսափել տեսարաններ, որոնք պահպանվում են արխիվներում ու գրադարաններում: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում նրա ՙՃիչ Արաբայից՚ գրքույկը, որտեղ կրկին դատապարտելով ու անարգանքի սյունին գամելով հայերի ցեղասպանության կազմակերպիչներին` միաժամանակ խարազանում է արևմտյան տերությունների հանցավոր անտարբերությունը և նրանց քաղաքական ու դիվանագիտական խարդավանքները:


ԹԵԵՎ ԱՐՄԻՆ ՎԵԳՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ - ՄՈՒՇԵՂՅԱՆ Ա. Վ.

1980-90-ական թթ. ավետարանական աստվածաբան Մարտին Տամկեն Գերմանիայում հանդես եկավ Հայոց ցեղասպանության ականատես Արմին Թեոֆիլ Վեգների դեմ:
Իր դոկտորական ատենախոսության մեջ (“Armin T. Wegner und Armenier. Anspruch und Wirklichkeit eines Augenzeugen”), որը 1993 թ. և 1996 թ. հրատարակվեց Համբուրգում առանձին գրքով, Տամկեն փորձում է ապացուցել, որ 1915-1916 թթ. Միջագետքում գերմանական ռազմական շտաբում որպես սանիտար զինվոր ծառայած Արմին Վեգները իրականում Հայոց ցեղասպանության և կոտորածների վկա չի եղել:
Ժամանակակիցների վկայությունները և պրոֆ. Տամկեի հրատարակած արխիվային նոր նյութերը հնարավորություն են ընձեռում ժխտելու նրա անհիմն հայտարարությունները: Թուրքամետ շրջանների` Հայոց ցեղասպանության ժխտումը ձերբազատում է արևմտյան որոշ մասնագետների, որոնք դիսկրեդիտացիայի են ենթարկում Հայոց ցեղասպանության վկաներին, այդ թվում` գերմանացի հրապարակախոս և գրող Արմին Վեգներին:


Copyright 2009 © All rights reserved.
The site is created thanks to the sponsorship of orientalist,
doctor of historical sciences Mr. Ruben Karapetyan